ԳԿՄԿ շրջանավարտ Անուշավան Մուշեղյանը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Դեկտեմբերի 9, 2021ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 3-ին նախագահական նստավայրում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մի շարք դատավորների երդմնակալության պաշտոնական արարողությունը: Պատիվ ունենք նշելու, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Իրավագիտություն» կրթական ծրագրի շրջանավարտ Անուշավան Մուշեղյանը ևս նրանց շարքերում էր՝ որպես Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը սրտանց շնորհավորում է Անուշավան Մուշեղյանին դատավորի անչափ պատասխանատու պաշտոնը ստանձնելու համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաղթանականեր ինչպես արդարադատության, այնպես էլ հանրային այլ ոլորտներում:
Հանրային կապերի և կարիերայի բաժինը զրուցել է Անուշավան Մուշեղյանի հետ. ստորև ներկայացնում ենք հատված զրույցից:
- Որքանո՞վ է ԳԿՄԿ-ում ստացած ուսումը նպաստել դատավոր դառնալու Ձեր որոշմանը։
- Ի պատասխան Ձեր առաջին հարցադրման՝ նշեմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, ինչպես նաև իմ ուսանած մյուս ուսումնական հաստատությունները իրենց ուրույն դերն ունեցել իմ մասնագիտական հմտությունների ու գիտելիքների ձեռքբերման գործում:
- Դուք նաև դասավանդման փորձ ունեք, կշարունակե՞ք արդյոք մանկավարժական գործունեությունը:
- Այո ես 2018 թվականից ի վեր դասավանդում եմ Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնում: Ներկայումս կանխատեսվող ծանրաբեռնվածությանը զուգահեռ կփորձեմ շարունակել դասավանդել, քանի որ մեծ սիրով և պատասխանատվությամբ եմ վերաբերվում այդ գործին:
- Դուք մշտապես աջակցել եք ԳԿՄԿ-ում կազմակերպվող իրավաբանական դպրոցի դասընթացներին, որպես փորձառու իրավաբան՝ ի՞նչ կարծիք ունեք դպրոցի և նրա ընձեռած հնարավորությունների մասին։
- Կարծում եմ Ձեր նախաձեռնությունը շատ մարդակենտրոն է և հարթակ է մասնագիտական որակավորման բարձրացման և կատարելագործման համար:
- Որպես ԳԿՄԿ շրջանավարտ և փորձառու իրավաբան՝ ի՞նչ մասնագիտական խորհուրդներ կտաք ԳԿՄԿ «Իրավաբանություն» կրթական ծրագրի մագիստրանտներին։
- Հետևյալ խորհուրդը կտայի մեր ապագա իրավաբան մասնագետներին, թող ապահովեն իրավագիտության ուսումնասիրության անընդհատությունը և զուգահեռաբար ուսումնասիրելով դատական պրակտիկան ու արտասահմանյան երկրների փորձը:
- Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերոմը ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին։
- Ես միշտ լավագույն ձեռքբերում եմ համարում մարդկային ձեռքբերումը: Ուսումնառության տարիներին, բացի ընկերներ ձեռք բերելուց, նաև ստացել եմ գիտելիքներ, որոնք կիրառում եմ և դեռ շատ կկիրառեմ:
Հանրային կապերի և կարիերայի բաժին