ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը՝ Տուշայի համալսարանում
Մայիսի 22, 2019Ս. թ. մայիսի 17-ին Տուշայի համալսարանում (Վիտերբո, Իտալիա) տեղեկատվական օր էր՝ նվիրված Հայաստանի և Վրաստանի համալսարանների հետ հաջողված համագործակցության պատմությանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս, միջազգայնացման պատասխանատու Դավիթ Պիպոյանը ներկայացրեց էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ԳԿՄԿ-ի և Տուշայի համալսարանի միջև հաջողված համագործակցության պատմությունը: Ծրագրի շնորհիվ Տուշայի համալսարանում ուսումն են ստացել 4 ասպիրանտ և 3 մագիստրանտ, իսկ ներկա պահին բնապահպանություն և գործարար վարչարարություն մասնագիտություններով ուսանում են երկու ասպիրանտ և 6 մագիստրանտ: Դավիթ Պիպոյանը ներկայացրեց ասպիրանտների և մագիստրանտների փոխանակման ծրագրի արդյունքները, որոնք հնարավորություն ընձեռեցին ուսանողներին իրենց ղեկավարների հետ համատեղ հոդվածներ ունենալու միջազգային գրախոսվող ամսագրերում, զեկույցներով ներկայանալու հեղինակավոր միջազգային գիտաժողովներին, ստանալու բարձրորակ կրթություն և իրականացնելու բարձրակարգ հետազոտություններ:
Այնուհետև ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, ԳԿՄԿ դասախոս Լիլիթ Սահակյանը ներկայացրեց Էկոկենտրոնում իրականացվող հետազոտությունները, միջազգային հետազոտական ծրագրերը և նախագծերը: Հանդիպման ավարտին ԳԿՄԿ գիտքարտուղար Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց Կենտրոնի պատմությունը, ուսումնառության առանձնահատկությունները և միջազգայնացման ուղին:
Տեղեկատվական օրվա ավարտից հետո ԳԿՄԿ պատվիրակությունը հանդիպեց Տուշայի համալսարանում սովորող ուսանողներին, քննարկեցին նրանց ուսումնառության ընթացքը, հաջողություններն ու խնդիրները: