Գլխավոր էջ





ԳԿՄԿ պատվիրակությունը՝ Տուշայի համալսարանի միջազգային վերապատրաստման շաբաթին

Մայիսի 23, 2023

Ս/թ մայիսի 22-26-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունը մասնակցում է Իտալիայի Տուշայի համալսարանում կազմակերպված միջազգային վերապատրաստման շաբաթին: ԳԿՄԿ պատվիրակության կազմում ընդգրկված են ԳԿՄԿ վարչակազմի անդամներ, ինչպես նաև «Իրավագիտություն», «Տնտեսագիտություն և կառավարում» և «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Վերապատրաստման շաբաթի առաջին օրը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գործունեությունը, բուհի միջազգային կրեդիտային ծրագրերը, մասնավորապես Էրազմուս+ KA107 ծրագրի շրջանակներում Տուշայի համալսարանի հետ իրականացվող միջազգային կրեդիտային ծրագրերի վիճակագրական տվյալները և ծրագրերի ընթացքում ձեռք բերված հաջողություններն ու առաջընթացը: Արուսյակ Հարությունյանը նաև ներկայացրեց Էրասմուս+ նմանատիպ ծրագրերի «շահագործման» ուղիները, մասնավորապես նշեց, թե ինչպես են կրեդիտային շարժունության ծրագրերը նպաստում գիտակրթական միջազգային կենտրոնում դասավանդվող առարկաների մոդեռնիզացմանը, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կատարվող հետազոտությունների միջազգայնացմանը:

Այնուհետև ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի և ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» համատեղ ամբիոնի դասախոս, Իտալիայի Տուշայի համալսարանի սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը ներկայացրեց վերջին տարիներին ԳԿՄԿ-ի և Էկոկենտրոնի համատեղ իրականացվող «ՄԵՆՎԻՊՐՈ» կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա, որտեղ ուսանողների և արտաքին շահառուների հետ համատեղ իրականացվում են համագործակցային տարբեր հետազոտական նախագծեր՝ նպաստելով գիտության և կրթության ոլորտի զարգացմանը։ Մասնավորապես, բնագիտության ոլորտում միջազգային կրեդիտային ծրագրերին մասնակցած բոլոր ուսանողները՝ և՛ մագիստրանտները, և՛ ասպիրանտներն ունեն համատեղ հրատարակված գիտական հոդվածներ իրենց իտալացի համաղեկավարների հետ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին