Գլխավոր էջ





«Հետազոտական կարողությունների զարգացում» խորագրով միջազգային գիտաժողով

Հունիսի 23, 2021

Ս/թ հունիսի 18-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ «Հետազոտական կարողությունների զարգացում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին ինչպես կայացած գիտնականներ, այնպես էլ երիտասարդ հետազոտողներ և մասնագետներ: Միջազգային գիտաժողովը ընթանում էր երկու ուղղություններով՝ բնագիտական և հասարակագիտական:  Գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցած բացման պաշտոնական արարողությանը ներկաներին ողջունեցին Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ե. Զարգարյանը, գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ն. Հակոբյանը և դեկան Ա. Մխիթարյանը:

- Գիտաժողովի նպատական է համախմբել գիտության և կրթության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, հաղորդակից դարձնել նրանց տարբեր բնագավառներում կատարվող հետազոտություններին և աշխատաքներին,  միջավայր ստեղծել արդյունավետ փոխգործակցության և նորարարական գաղափարների իրականացման համար։

Մեր երկիրը այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերների հաղթահարման գործում առանցքային նշանակություն ունեն հետազոտական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված քայլերը։ «Պետական և մասնավոր հատվածի հետ համագործակցության շնորհիվ մեր գիտնականները, հետազոտողները, մասնագետները ի զորու կլինեն նպաստելու որակյալ կրթությամբ և զարգացող գիտությամբ երկրի տեսլականի իրագործմանը»,- ներկաներին ողջունեց ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը:

Գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ն. Հակոբյանը, որը նաև գիտաժողովի շրջանակներում լույս տեսած գիտական ժողովածուի գլխավոր խմբագիրն է, ողջունեց մասնակիցներին. «Գիտակրթական միջազգային կենտրոնի մեծարգո՛ տնօրինություն, հարգարժան հյուրեր, ուրախ եմ Ձեզ տեսնելու այսօրվա մեր գիտաժողովին, որտեղ դուք, առավել քան վստահ եմ, ունենալու եք շատ ու շատ հետաքրքրական զեկուցումներ՝ նեկայացնելով ձեր հետազոտությունների արդյունքները թե՛ բնագիտական և թե՛ հասարակագիտական ոլորտներում: Վստահ եմ ասում, որ այդ զեկուցումները խիստ հետաքրքրական են, որովհետև ծանոթ եմ բոլոր նեկայացված գիտական հոդվածներին, այն պարզ տրամաբանությամբ, որ գլխավոր խմբագիրն եմ եղել այս հրաշալի գիտական հոդվածների ժողովածուի, որը ամփոփում է այսօրվա գիտաժողովում հնչեցվելիք գիտական հոդվածները»:

Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ե. Զարգարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և մասնակիցներին գիտական հետազոտությունների հանդեպ դրսևորած մեծ հետաքրքրության և հետազոտական կարողությունների զարգացման բաղադրիչը կարևորելու համար:

Դեկան Ա. Մխիթարյանը շեշտեց, որ համալսարաններ շատ կան, քիչ չեն կազմակերպվում նաև տարատեսակ գիտաժողովներ, սեմինարներ և կոնֆերանսներ թե՛ տեղական, թե՛ միջազգային հարթակներում, սակայն անհրաժեշտ է հասնել այնպիսի արդյունքի, որ երբ որևէ տեղ խոսվի հետազոտությունների, նրանց իրականացման և կարևորության մասին, ասվածը միանգամից ասոցացվի Կենտրոնի և նրա գործունեության հետ:

Զեկույցի թեմաները շատ բազմազան էին և անչափ արդիական: Առաջ քաշվեցին ամենատարբեր թիրախային խնդիրներ, ներկայացվեցին պատերազմական և հետպատերազմական շրջանում տեղեկատվական աղբյուրների դերին, նրանց առաքելությանը, աշխատաշուկայում առկա գենդերային  խնդիրներին, գրադարաններին, նրանց հասանելիությանն ու թվայնացմանը, առողջարանային տուրիզմի զարգացման հեռանկարներին և շատ այլ հարցերի վերաբերող նյութեր: Գիտաժողովի փակմանը Ն. Հակոբյանը ևս մեկ անգամ շեշտեց. «Հետազոտական ռազմավարության մասով մեր նպատակն ու գերխնդիրն է, տեսադաշտում ունենալով աշխարհի լավագույն հետազոտական համալսարանների գործունեությունը, Կենտրոնում տարվող գիտահետազոտական աշխատանքները ամբողջությամբ համապատասխանեցնել վերջիններիս չափանիշներին, ձևավորելով մրցունակ գիտահետազոտական և նորարարական ռեսուրս՝ նպաստել գիտահետազոտական արտադրանքի ապրանքայնացմանը: Այս համատեքստում շատ կարևոր ենք համարում կրթություն-գիտություն-հետազոտություն կամրջականության ապահովումն ու հետագա զարգացումը»: