Գլխավոր էջ





Ճանաչողական այցեր Տուշայի համալսարանի դեպարտամենտեր

Մայիսի 22, 2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը ս. թ. մայիսի 20-ին այցելեց Տուշայի համալսարանի մի շարք դեպարտամենտներ և լաբորատորիաներ, մասնավորապես՝

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. այս դեպարտամենտը եզակի է նրանով, որ Լացիոյի տարածաշրջանի միակ դեպարտամենտն է, որն իրավասու է դասավանդելու և հետազոտություններ կատարելու գյուղատնտեսական, անտառաբուծական, բնապահպանական գիտությունների և ագրոկենսատեխնոլոգիայի ոլորտներում: Ուսուցումը սերտ կապված է հետազոտության հետ, և այս կապը ավելի է սերտանում, երբ եռամյա բակալավրիական ծրագիրը խորանում է մագիստրոսական ծրագրում, իսկ ասպիրանտական ծրագրի հետազոտական աշխատանքներ կատարելիս՝ հասնում առավելագույն մակարդակի:

ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. դեպարտամենտը կենսաբանության և բնապահպանության ոլորտներում պատրաստում է հմուտ տեխնիկներ և ոլորտի մասնագետներ: Այստեղի շրջանավարտները կարող են արտադրողական և տեխնոլոգիական գործունեություն ծավալել զանազան պրակտիկ ոլորտներում, ի հավելումն դրան՝ բազմաթիվ վերլուծական ծառայություններ իրականացնել: էկոլոգիայի և կենսաբանության դեպարտամենտն ունի բազմաթիվ լաբորատորիներ, որտեղ ուսանողներն աշխատում են իրենց ավարտական թեզերի և ասպիրանտական ավարտական ատենախոսությունների ուղղությամբ: Դեպարտամենտը համալրված է արդի սարքավորումներով և վերահսկվում է դասախոսական կազմի, ինչպես նաև ազգային և միջազգային ճանաչում ունեցող հետազոտողների կողմից, որոնց աշխատանքները հրապարակվում են միջազգային առաջատար ամսագրերում:

ԳԿՄԿ ոլորտային մասնագետները այցելել են հողերի ֆիզիկայի լաբորատորիա, որը որոշում է հողերի ֆիզիակական հատկությունները, ծանոթացել հողերի հատիկային կազմի (տեքստուրա) որոշման նպատակով հողի նմուշառման համար օգտագործվող դաշտային պարագաներին, հողերի հատակային կազմի որոշման համար կատարվող նախապատրաստական աշխատանքների առանձնահատկություններին, հողի առանձին ֆրակցիաների տարանջատման մեթոդներին և սարքեր-սարքավորումներին։ Իսկ Նանոմասնիկների կենսաֆիզիկայի կենտրոնում՝ նանոմասնիկների լաբորատորիայում, մասնագետները ծանոթացել են նանոմասնիկային մակարդակում նյութերի տարատիպ հատկությունների ուսումնասիրությանը և նյութի մակերևույթի սկանավորման համար կիրառվող սարքավորումներին՝ տարատեսակ մանրադիտակներին, քննարկել այդ սարքավորումների կիրառության պոտենցիալ հնարավորությունները բնապահպանական հետազոտություններում։

Այց է կատարվել նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լաբորատորիա: Լաբորատորիայի ղեկավարի ներկայացմամբ մասնագետները ծանոթացել են իրականացվող ինովացիոն գիտահետազոտական աշխատանքներին, գերժամանակակից ԱԹՍ-ին, նրանց տեխնիկական առանձնահատկություններին և ստացվող մեծածավալ տվյալների  մշակման ինովացիոն մոտեցումներին: Քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարներ, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ: