Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ճանապարհեց իրավագետ և դեղագետ շրջանավարտներին

Ապրիլի 19, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ իրավագիտության և դեղագիտության ամբիոնների մագիստրատուրայի 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, իրավագիտության ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանը, դեղագիտության ամբիոնի վարիչ Սյուզաննա Թոսունյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը, ով շնորհավորելով շրջանավարտներին նշեց, որ Կենտրոնում ձեռք բերած տեսական և գործնական հարուստ գիտելիքները ամուր հիմք են վաղվա մեր պետության զարգացումը կերտելու համար:

Շնորհավորական խոսքով ներկայացավ նաև իրավագիտության ամբիոնի վարիչ Ս. Բաբայանը, ով ընդգծեց, որ Կենտրոնը ստեղծում է այնպիսի նպաստավոր միջավայր, որտեղ ուսանողները կարող են իրացնել իրենց բոլոր հնարավորություններն ու օգտագործել ամբողջ ներուժը կրթությունից դեպի գիտություն սահուն անցում կատարելու համար:

Դեղագիտության ամբիոնի վարիչ Ս. Թոսունյանը, միանալով շնորհավորանքներին և բարեմաղթանքներին, կարևորեց Կենտրոնի հետ հետագա կապի պահպանումն ու ամրապնդումը և վստահեցրեց ուսանողներին, որ նրանցից յուրաքանչյուրը կգտնի իր ուրույն տեղը՝ հաշվի առնելով ձեռք բերած մասնագիտության մեծ պահանջարկն այսօր աշխատաշուկայում:

Միջոցառմանը ներկա ուսումնական գծով փոխտնօրեն Ե. Զարգարյանը շնորհավորելով շրջանավարտներին՝ շնորհակալություն հայտնեց նրանց երկու տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար և կոչ արեց օգտվել Կենտրոնի կողմից ընձեռած բացառիկ հնարավորությունից՝ շարունակելու ուսումն ասպիրանտուրայում անվճար հիմունքներով:

Բարեմաղթանքներին հաջորդեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին