Գլխավոր էջ





Տեղեկատվական հանդիպում (FAST) ADVANCE դրամաշնորհային հետազոտական ծրագրի վերաբերյալ

Փետրվարի 24, 2023

Ս.թ. փետրվարի 24-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետազոտության առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանի հետ, ով համապարփակ ներկայացրեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային հետազոտական ծրագրի շրջանակում հայտարարված 4 գիտահետազոտական նախագծերի մրցույթի վերաբերյալ տվյալագիտության, նյութագիտության, կենսաինֆորմատիկայի և դեղերի հայտնաբերման ոլորտներում:

«ADVANCE» դրամաշնորհային ծրագիրն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապեր հաստատելուն, ինչը հնարավորություն կընձեռի նոր խմբեր ձևավորելու և աշխատելու նորարարական միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա:

«ADVANCE» հետազոտական դրամաշնորհները հիմք են ստեղծել Հայաստանում STEM-ին առնչվող ոլորտներում գիտական ուղղությունների զարգացման համար: Այս հարթակը համախմբում է ամբողջ աշխարհի նշանավոր գիտնականների՝ ղեկավարելու նոր թիմեր, որտեղ ընդգրկված են նաև հայ հետազոտողներ: Նորաստեղծ հայ հետազոտողների ձեռք բերած փորձը և ցանցային համագործակցությունը խթանում է նրանց մասնագիտական աճը, արդյունավետ միջազգային համագործակցության հնարավորություն է տալիս և զգալիորեն մեծացնում հետազոտության արդյունքները թիրախային ոլորտներում: FAST-ի և նրա գործընկերների կողմից տրամադրվող համապարփակ ֆինանսական և նյութատեխնիկական աջակցությունն աշխատում է Հայաստանը աշխարհի առաջադեմ գիտական հետազոտությունների քարտեզի վրա ներառելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները մանրամասն ծանոթացան ծրագրի ընձեռած հնարավորություններին, պահանջներին, դիմելու կարգին և ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Հայտարարված դրամաշնորհային նախագծերի մրցույթին կարող են դիմել հետազոտողներ և ուսանողներ, որոնք կմիանան հետազոտական թիմերին ու կաշխատեն արտասահմանյան գիտական ղեկավարների հետ նշված ոլորտներում։

Հիշեցնենք, որ գիտահետազոտական նախագծերի մրցույթին դիմելու վերջնաժամկետը մինչև մարտի 15-ն է:

Մրցույթի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
՝
https://fast.foundation/en/program/847?fbclid=IwAR3iGzAzWCXJLXsgu2YYdJA_8H4YGrmVAJpb87TncadnTG6yG1vVO8Dn7AQ

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին