Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակը մոնիթորինգ է իրականացնում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում
Դեկտեմբերի 2, 2020Այս օրերին Հայաստանում Էրազմուս+-ի ազգային գրասենյակ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (Արմդոկտ) ծրագրի շրջանակներում մոնիթորինգ է անցկացնում հայաստանյան մասնակից բուհերում։
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Էրազմուս +-ի ազգային գրասենյակի ներկայացուցիչների առցանց մոնիթորինգային հանդիպումը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատանքային խմբի հետ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Էրազմուս+-ի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կարլովան։ Վերջինս նշեց, որ Արմդոկտ ծրագիրը շատ բազմաշերտ է ու բազմատարր և այստեղ յուրաքանչյուր բուհ մեծ պատասխանատվություն ունի հետագայում կյանքի կոչելու ծրագրի շրջանակներում ձեռքբերված արդյունքները։
Ապա Արմդոկտ ծրագրի ընթացքը ներկայացրեց Գիտակրթական միջազգային կենտրոնի ծրագրի համակարգող, ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը։ Վերջինս մանրամասն ներակայացրեց թիմի անդամներին և նրանց մասնակցության ուղղվածությունը, կետ առ կետ խոսեց WP 1-ի, WP 2-ի շրջանակներում ԳԿՄԿ մասնակիցների իրականացրած գործունեության մասին, պատմեց, թե ինչ փոփոխություններ են արվել հենց ԳԿՄԿ-ում դոկտորական կրթության կազմակերպման քաղաքականության մշակման ուղղությամբ։ Ներկայացումներից հետո ծավալվեց քննարկում դոկտորական կրթության բարեփոխումների վերաբերյալ, ԳԿՄԿ ներկայացուցիչները պատասխանեցին Լանա Կարլովայի բարձրաձայնած հարցերին։
Հանդիպման ավարտին՝ Լ. Կարլովան փաստեց, որ ներկայացումները ամբողջական էին և հայտնեց գոհունակություն Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ։