Գլխավոր էջ





Էրազմուս+. այց Կրակովի մանկավարժական համալսարան

Ապրիլի 25, 2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը հետևյալ կազմով՝ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյան, «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսներ Դավիթ Պիպոյան, Գայանե Ներսիսյան և Վահագն Մուրադյան, մեկնել է Կրակովի մանկավարժական համալսարան:

Ս.թ. ապրիլի 24-ին մեր պատվիրակությունը հանդիպեց Կրակովի մանկավարժական համալսարանի աշխարհագրության ինստիտուտի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց բուհերը և քննարկեցին համագործակցության խորացման ուղիները: Այնուհետև այցելեցին մասնագիտական լաբորատորիաներ:

Հանդիպման երկրորդ հատվածում «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս, «Համալիր գեոէկոլոգիական քարտեզագրում» առարկայի դասախոս Վահագն Մուրադյանը «ԱՏՀ և հեռազննման տվյալների օգտագործումը լանդշաֆտաէկոլոգիական հետազոտություններում» թեմայով դասախոսություն կարդաց համալսարանի աշխարհագրության ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողների համար: Դասախոսության ընթացքում Վահագն Մուրադյանը ներկայացրեց տիեզերական լուսանկարների նախնական մշակման հիմնական մեթոդները և առցանց հարթակներում տարածական տվյալների վերլուծության հնարավորությունները:

Օրվա ավարտին Կրակովում գտնվող հայկական խաչքարի մոտ ԳԿՄԿ պատվիրակությունը հայ համայնքի հետ միասին հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: