Գլխավոր էջ





Էրազմուս+ ուսանողը իր տպավորությունների մասին

Փետրվարի 25, 2019

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի ուսանող Մարուսյա Առաքելյանը, որն 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով ուսանել է Իտալիայի՝ Տուշայի համալսարանում, հաջողությամբ ներկայացրել է ԳԿՄԿ-ը և ուսումնառության փայլուն արդյունքներ դրսևորել՝ մասնակցելով խմբային և անհատական շնորհանդեսների: Վերադառնալով Հայաստան՝ Մարուսյան այսպես է արտահայտվել իր տպավորությունների մասին. «Տուշայի համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվել և իրականացվել է ուսումնական ծրագրերին համապատասխան։ Ուսումնառության ընթացքում ընտրված առարկաները ներկայացվել են բովանդակալից և մատչելի, իսկ առարկաների շրջանակներում մատուցված նյութը եղել է հագեցած և համապատասխանել ուսանողի գիտելիքների մակարդակին: Յուրաքանչյուր առարկա ուսուցանվել է շաբաթական երկու անգամ՝ ներառելով տեսական նյութեր, հարցադրումներ, որոշ հարցերի շուրջ ակտիվ քննարկումներ, շնորհանդեսների ներկայացումներ, ինչպես նաև լաբորատոր աշխատանքներ։ Խորհուրդ եմ տալիս բոլոր ուսանողներին օգտագործել իրենց ժամանակը և գիտելիքը նպատակային, քանի որ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագիրը լավ հնարավորություն է սեփական ընդունակությունները, կարողությունները զարգացնելու, ինքդ քեզ նորովի ճանաչելու և փորձ ձեռք բերելու համար։

Մասնավորապես ցանկանում եմ առանձնացնել օտարերկրյա ուսանողների ներգրավումը. հավաքույթների և խաղերի ընթացքում յուրաքանչյուր ուսանող ներկայացրել է իր անձը, երկիրը և համալսարանը։ Ողջ ընթացքում մեծ դեր է ունեցել նաև ուսանողական խորհուրդը, որն իրականացրել է հանդիպումներ Իտալիայի ուսանողների հետ, կազմակերպել տարբեր էքսկուրսիաներ՝ տեղանքին և մշակույթին ծանոթանալու համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հնարավորությունն ընձեռելու համար, քանի որ զարգացրել եմ գիտելիքներիս շրջանակը, ընդունակություններիս և կարողություններիս շեմը»։