Էրազմուս+ տեղեկատվական օր ԳԿՄԿ-ում
Հոկտեմբերի 17, 2022Ս.թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ Erasmus Days միջոցառման շրջանակներում կազմակերպվեց Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին նվիրված տեղեկատվական հանդիպում` նախատեսված «Գործարար վարչարարություն» և «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող 1-ին կուրսի ուսանողների համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ծանոթացրեց Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի հնարավորություններին, իսկ բաժնի գլխավոր մասնագետ Էլլա Պապիկյանն էլ իր հերթին ներկայացրեց Իտալիայի Տուշայի համալսարանում ուսանելու նպատակով ծրագրին դիմելու ժամկետներն ու պայմանները: Է. Պապիկյան մանրամասն ներկայացրեց նաև Իտալիայի Վիտերբո քաղաքի առանձնահատկություններն ու կեցության պայմանները, Տուշայի համալսարանի կրթական ծրագիրը և հորդորեց ուսանողներին բաց չթողնել 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակում Իտալիայում ուսանելու հնարավորությունը:
Հանդիպման վերջում ուսանողները հնարավորություն ունեցան հղել իրենց հետաքրքրող հարցերը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին դիմելու ընթացակարգի և պայմանների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Գործարար վարչարարություն» և «Իրավագիտություն» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները կարող են 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակը ուսանել Իտալիայի Տուշայի համալսարանում:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Իրավագիտություն» կամ «Գործարար վարչարարություն» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանող /առկա/,
- ներկայացնել ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (պարտադիր Europass ձևաչափով),
- տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,
- «Գործարար վարչարարություն» ուսանողների համար նաև իտալերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ նոյեմբերի 1-ը ներառյալ՝ ella.papikyan@isec.am և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝
- մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանաում ուսանել Տուշայի համալսարանում,
- ինքնակենսագրություն անգլերեն լեզվով ( Europass ձևաչափով),
- անգլերեն լեզվի հավաստագիր (առկայության դեպքում),
- անձնագրի պատճեն:
Ուսուցման լեզուներն են՝
«Իրավագիտություն» մասնագիտության դասընթացներն իրականացվում են անգլերեն լեզվով:
«Գործարար վարչարարություն» մասնագիտության դասընթացներն իրականացվում են իտալերեն լեզվով:
Ուսուցողական և օժանդակ նյութերը բոլոր ուսանողներին տրամադրվում են անգլերեն լեզվով:
Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց անգլերեն լեզվով:
Գնահատման չափանիշներն են՝
- Միջանկյալ քննությունների արդյունքները:
- Լեզվի իմացությունը (անգլերեն):
- «Գործարար վարչարարություն» մասնագիտության ուսանողների համար՝ նաև իտալերեն լեզվի իմացությունը:
- Բակալավրի ՄՈԳ-ը:
Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Իտալիայի Տուշայի համալսարանի վեբկայքն է՝ http://www.unitus.it/
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին