Կրթություն և կարիերա EXPO 2014
Ապրիլի 21, 2014Բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է բարձրացել նրա դերը` կատարելագործելով կրթական որակները: Այն դառնում է շատ կարևոր մի միջոց անցյալի և ապագայի միջև, մի հզոր կամուրջ, որի միջոցով փոխանցվում են մեր անցյալի ստեղծած բարոյական, գիտական և գեղագիտական բարձրարժեք ու այժմ արդեն հարուստ կենսափորձն ու կուտակումները: Շատ կարևոր է հասկանալ` ինչպիսի կրթություն ենք ստանում կամ ուզում ստանալ, որոնք են մեր պահանջները, և որն է իրական կրթության կարևորությունը:
Այս կարևոր պահանջմունքներից ելնելով` ամեն տարի կազմակերպվում է
«Կրթություն և կարիերա EXPO» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի ընթացքում Հայաստանում և արտերկրում գործող 73 կրթօջախներ հնարավորություն են ստանում ներկայանալ տարբեր տաղավարներով` ներկայացնելով իրենց կրթական ամենատարբեր ծրագրերը:
Այս տարի Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը առաջին անգամ մասնակցեց «Կրթություն և կարիերա EXPO 2014»
14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին` ներկայացնելով իր մագիստրոսական ծրագրերը՝ 25 տարբեր բաժիններում: Կենտրոնը ներկայացրեց նաև իր նոր հեռավար կրթական ծրագիրը, որը կմեկնարկի սեպտեմբեր ամսից:
Էքսպոյի բացումը կատարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մոտենալով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տաղավարին՝ նախարարը ևս մեկ անգամ փաստեց, որ անպայման ներկա է գտնվելու ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար գիտաժողովի դահլիճի բացմանը ԳԿՄԿ-ում:
Այցելուների մեծ հետաքրքրությունը ևս մեկ անգամ փաստեց, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը մեծ առաքելություն ունի իրականացնելու հասարակության կրթական և գիտական կյանքում: