Կլոր սեղան-քննարկում «Սահմանազատման քաղաքական և իրավական խնդիրները» թեմայով
Մարտի 26, 2024
Մարտի 22-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Սահմանների սահմանազատման քաղաքական և իրավական խնդիրները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի համատեքստում» թեմայով, որին հրավիրված էին Քաղաքագետների հայկական ասոցիացիայի փորձագետներ, քարտեզագետներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, գիտաշխատողներ, դասախոսներ, ԳԿՄԿ աշխատակիցներ, ասպիրանտներ և մագիստրանտներ:
Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ առկա տարբեր հիմնախնդիրների շուրջ կազմակերպվող նմանատիպ հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել Կենտրոնում, որոնք նպատակաուղղված են երիտասարդ սերնդի իրավագիտակցության բարձրացմանը և ձևավորում են արդյունավետ հարթակ ոլորտի առաջատար մասնագետների հետ քննարկելու ժամանակակից մարտահրավերներն ու ուրվագծելու հնարավոր լուծումները:
Քաղաքագետների հայկական ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը ներկայացրեց քննարկվող թեմայի էությունը, դրա իրավական և քաղաքական բաղադրիչները:
Քարտեզագետ Ռուբեն Գալջյանն ու քաղաքագետ Առուշան Հակոբյանն առկա քարտեզների հիման վրա ներկայացրին սահմանազատման իրավական հիմքերը, գործող մեխանիզմներն ու գործիքակազմը: Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն ընդգծեց, որ գոյություն ունեն սահմանազատման միջազգայնորեն ընդունված սկզբունքներ, որոնք հաշվի են առնում տվյալ երկրի կենսական շահերը, և հենց դրանց ապահովումն էլ պետք է ընկած լինի այս գործընթացի հիմքում:
Հանդիպման մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում փորձագետներն արտահայտեցին իրենց կարծիքներն ու տեսակետները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին