Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն ճանապարհեց երկրաբան և սոցիալական մանկավարժ իր շրջանավարտներին

Սեպտեմբերի 23, 2022

Ս/թ սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ երկրաբանության և մանկավարժության ամբիոնների մագիստրատուրայի 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը, մանկավարժության ամբիոնի վարիչ Հայկ Պետրոսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը, ով շնորհավորելով շրջանավարտներին՝ շնորհակալություն հայտնեց նրանց և պրոֆեսորադասախոսական կազմին սերտ համագործակցության և արդյունավետ ուսուցում կազմակերպելու համար, ինչպես նաև հորդորեց ուսանողներին պահպանել սերտ կապը ԳԿՄԿ-ի հետ և պարբերաբար հանդես գալ նախաձեռնություններով, մաղթեց հաջողություններ մասնագիտական ոլորտում ու անձնական կյանքում:

Շնորհավորական խոսքով ներկայացավ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ով հպարտությամբ նշեց, որ երկրաբանության ամբիոնի մագիստրատուրայի այս տարվա բոլոր շրջանավարտներն արդեն աշխատում են իրենց մասնագիտությամբ, ինչը շատ կարևոր է ամբիոնի համար:

Երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանն էլ իր հերթին շնորհավորելով շրջանավարտներին՝ շնորհակալություն հայտնեց ուսանողներին ուսումնառության ընթացքում գիտական հետազոտություններում, դաշտային և լաբորատոր աշխատանքներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ նրանք են ամբիոնի հենարանը, և այդ վստահությունն է, որ նրանց պետք է առաջ մղի: Լ. Սարգսյանը կարևորեց նաև այն, որ երկրաբանության ամբիոնի 4 ուսանող շարունակելու են իրենց կրթությունը ասպիրանտուրայում, և այն խնդիրը, որն ի սկզբանե դրված է եղել ԳԿՄԿ-ի և երկրաբանության ինստիտուտի կողմից պատրաստելու որակյալ կադրեր և երիտասարդ գիտնականներ, կարելի համարել մասամբ լուծված:

Հաջորդիվ իրենց դիպլոմները ստացան նաև մանկավարժության ամբիոնի սոցիալական մանկավարժության մասնագիտացմամբ մագիստրատուրայի 2021-2022 ուստարվա շրջանավարտները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ մանկավարժության ամբիոնի վարիչ Հայկ Պետրոսյանը, ով շրջանավարտներին նորանոր ձեռքբերումներ մաղթելով՝ կարևորեց նրանց շարունակական և երկարատև մանկավարժական գործունեության իրականացումը և հիշեցրեց, որ միայն աշխատանքի շնորհիվ է հնարավոր պահպանել երիտասարդությունը, իսկ մանկավարժությունը գեղեցկացնում է մարդուն թե՛ արտաքնապես, թե՛ հոգեպես:

Միջոցառման վերջում բարեմաղթանքներ հղեց նաև սոցիալական մանկավարժության շրջանավարտ, ԳԿՄԿ ՈՒԳԸ նախագահ Էլիզա Քեոշկարյանը, ով շնորհակալություն հայտնեց Կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ուսումնառության ողջ ընթացքում ուսանողների կողքին լինելու և ցանկացած հարցում աջակցելու համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին