Գլխավոր էջ





Կայացավ ԳԿՄԿ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

Հուլիսի 11, 2024

Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Արևելագիտություն», «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա», «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրերի առկա ուսուցման մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Այս հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և բարեմաղթանքի խոսքը հղեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ով շնորհավորելով շրջանավարտներին՝ ընդգծեց, որ որպես գիտակրթական և հետազոտական հաստատություն՝ Կենտրոնն ապահովել է շրջանավարտների մասնագիտական ճանապարհի ամուր հենքը՝ զինելով անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով, վստահաբար նաև արժեքներով, որոնք սկիզբ կդնեն ապագա միջավայրում հստակ կողմնորոշմանը և զարգացմանը: «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ինքնատիպ կամուրջ է նաև կրթության և գիտության միջև, և ես լիահույս եմ, որ ձեզանից շատերը հետագայում կշարունակեն իրենց ուսուցումը ԳԿՄԿ ասպիրանտուրայում և կհամալրեն մեր երիտասարդ գիտնականների շարքը՝ գիտական հզոր ներուժը ծառայեցնելով հայրենիքի շենացմանն ու զարգացմանը», - նշեց Ա. Սարգսյանը:

Ուսանողներին բարեմաղթանքների խոսքեր հղեցին նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հոգեբանության ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանը, արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը, մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի դասախոս Կարինե Մալյանը, ովքեր հանձնեցին շրջանավարտներին ավարտական դիպլոմները՝ մաղթելով ստացած տեսական և գործնական գիտելիքներով զբաղեցնել իրենց ուրույն տեղն աշխատաշուկայում և արժանի ներդրում ունենալ երկրի ապագայի զարգացման գործում:

Ուսանողները ևս անմասն չմնացին և իրենց երախտիքի խոսքն ուղղեցին ինչպես բուհի ղեկավարությանը, այնպես էլ ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին նվիրումի, փոխանցած գիտելիքների, ինչպես նաև ձևավորված ջերմ մթնոլորտի համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին