Գլխավոր էջ





Մագիստրոսների ևս մեկ սերունդ ավարտեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն

Հոկտեմբերի 9, 2024

Ս.թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնի «Տեղեկատվական համակարգերի մշակում»  մագիստրոսական կրթական ծրագրով սովորող առաջին սերնդի ուսանղների դիպլոմների հանձնման արարողությունը։


Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, ընդհանուր բաժնի պետ Քրիստինա Հակոբյանը և «Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Սաթենիկ Մնացականյանը։


Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը ողջունելով ուսանողներին՝ շնորհավորեց ներկաներին. «Երկու տարի առաջ նախաձեռնելով այս ծրագիրը, մենք չէինք կարծում, որ կունենաք այսքան մեծ հաջողություն։ Ի դեմս Ինստիգեյթ ընկերությունների և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ունենք նախագծահեն կրթության լավ օրինակ, որի վրա կարող է կառուցվել ապագայի կրթությունը»,-իր խոսքում նշեց Ե. Զարգարյանը:


Իր հերթին Սաթենիկ Մնացականյանը ողջունելով ուսանողներին, շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրինությանը, նշելով, որ յուրաքանչյուր նոր գաղափար պահանջում է խիզախութուն, ժամանակ և ներուժ, քանի որ արդունավետությունն ամեն քայլում է և կառուցվում է սխալների, ձախողումների ու հաջողությունների հիման վրա, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները նոր գաղափարների իրագործման և կատարելագործման համար։


Իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին նաև ուսանողները, նշելով, որ նախագծային հմտությունն արդյունավետ է նաև ակադեմիական գիտելիք ստանալիս, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոնն առաջինն էր, ով զարկ տվեց այս նոր մասնագիտացման զարգացմանը։


Հանդիպումն ավարտվեց դիպլոմների հանձնման արարողությամբ։


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին