Գլխավոր էջ





ՀՀ-ն ուսանելու նպատակակետ ամերիկացի ուսանողների համար

Սեպտեմբերի 28, 2016

Արտերկրում ուսանելու ցանկություն ունեցող ամերիկացի ուսանողներին Հայաստանը շատ բան ունի առաջարկելու, նշվեց Երևանում Ամերիկյան խորհուրդների կազմակերպած երկօրյա աշխատաժողովի ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղարության վերջերս ստեղծած «Ուսանիր արտերկրում» գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում  կազմակերպված այս աշխատաժողովի ընթացքում զեկուցողները՝ Ամերիկյան խորհուրդներից և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, շեշտադրեցին, որ Հայաստանն ունի ավելի շատ թվով ամերիկացի ուսանողներ ներգրավելու ներուժ, և Հայաստանի բուհերի ներկայացուցիչների հետ քննության առան վերջիններիս մարքեթինգային աշխատանքների ընդլայնումը՝ ԱՄՆ-ից ուսանողներ ներգրավելու նպատակով: Ամերիկացի ուսանողները հետաքրքրված են իրենց մասնագիտական ոլորտում առանձին թեմաների շուրջ երկրից դուրս ոչ ավանդական և ինքնատիպ փորձառություն  ձեռք բերելու հեռանկարներով, իսկ հայկական բուհերն այդ ուղղությամբ առաջարկելու շատ բան ունեն:

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին արտերկրում ուսանելու առումով ԱՄՆ-ում տիրող միտումները, քննարկվեցին կրթական փոխանակումների միջոցով ձևավորվող հավելյալ արժեքները, նախկին ծրագրերից քաղած դասերը և հնչեցին որոշ խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է հետաքրքրել ամերիկյան լսարանը: Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանի պետական ու մասնավոր բուհերի, Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ներկայացնում էր Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը: