Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունն Արցախում

Մայիսի 16, 2012

Մայիսյան հաղթանակների այս օրերին, երբ ցնծում է ողջ ժողովուրդը՝ նշելով եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարելիցները, երբ հայրենի ժողովուրդն այլևս քանդել է լռության շղթան, երբ հպարտությամբ իր եռագույնն է ծածանում հայրենի ձորերում ու լեռներում, բնականաբար ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի սաներն անմասն չէին կարող մնալ համընդհանուր այս ոգևորությունից:
     Արցախն այս օրերին կարծես աշխարհի մայրաքաղաք լինի՝ իր գիրկն ընդունելով հազարավոր հայերին երկրագնդի ամենատարբեր անկյուններից: 
     ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը՝ ի դեմս դասախոսների և մագիստրոսների, եռատոնի օրերն անցկացրին Արցախում: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակության այցը նաև գործնական բնույթ էր կրում: Այս օրերին նրանք հանդիպեցին ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանին և Աժ նախագահ Աշոտ Ղուլյանին, քննարկեցին կրթության համակարգում կատարվող բարեփոխումների հետ կապված հարցեր, հետագա համագործակցության հեռանկարներ մշակեցին, որի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ համապատասխան որակավորում ունեցող ուսանողները կկարողանան գործուղվել Արցախ, ընդունվել աշխատանքի և ապահովել այնտեղ առկա որակյալ մասնագետների պահանջարկը: 
 Մայիսի 9-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողներն ու դասախոսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ականատես եղան բանակի փառավոր ու հաղթական զորահանդեսին, ապա շրջեցին պատմական Արցախի գեղատեսիլ վայրերով և վերադարձան Երևան: