«Ներկա սպառնալիքներն ու ռիսկերը գիտական հանրության համար» երկշաբաթյա դասընթացի ամփոփում
Ապրիլի 29, 2022Ս.թ. ապրիլի 21-ին ավարտվեց ՄԳՏԿ միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպված «Ներկա սպառնալիքներն ու ռիսկերը գիտական հանրության համար» թեմայով երկշաբաթյա դասընթացը:
Իրազեկման բարձրացմանն ուղղված դասընթացն իրականացվեց առցանց ձևաչափով, որի ընդհանուր տևողությունը 4 ակադեմիական ժամ էր:
Դասընթացին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ շուրջ 50 ուսանող, հետազոտող, գիտնական և դասախոս:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին զգայուն տեխնոլոգիաներին և ոչ նյութական ապրանքներին վերաբերող հետազոտությունների հետ կապված ռիսկերը, գիտական հանրության, համալսարանների և հետազոտական ինստիտուտների առջև ծառացած սպառնալիքները, առաջատար բուհերի վեթթինգ համակարգերը և ոլորտին առնչվող այլ թեմաներ։
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ զգայուն ապրանքների, տեխնոլոգիաների և տեղեկության ոչ նպատակային օգտագործման վտանգավորության և ապակայունացման, զանգվածային ոչնչացման զենքի ոլորտում կիրառվող համակարգերի, միջուկային, քիմիական, կենսաբանական և ԶՈԶ օգտագործումը արգելող միջազգային իրավական այլ ակտերի և ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացան ազդեցության գործակից ունեցող գիտական ամսագրերում տպագրության հնարավորություններին:
Դասընթացը վարում էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի փոխտնօրեն, երկակի նշանակության, զգայուն ապրանքների հետազոտությունների ոլորտում մի շարք ծրագրերի ղեկավար, ք.գ.թ. Պատվական Ոսկանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և արտահանման վերահսկման բաժնի պետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով ՀՀ ազգային ներկայացուցիչ, պ.գ.թ. Արսեն Առաքելյանը և ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի իրավաբանական բաժնի պետ, Ռազմական և երկակի օգտագործման իրերի և տեխնոլոգիաների հավաստագրման մարմնի իրավախորհրդատու, Բելգիայի թագավորության Լիեժի համալսարանի ասպիրանտ Էմիլյա Տիտանյանը:
Դասընթացը հաջողությամբ ավարտած բոլոր մասնակիցները ստացան վկայականներ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին