Գլխավոր էջ





Մեկնարկեց «Եվրասիական ինտեգրման արդի հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» գիտագործնական համաժողովը

Նոյեմբերի 28, 2022

Ս/թ նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում մեկնարկեց «Եվրասիական ինտեգրման արդի հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» գիտագործնական համաժողովը:

Քննարկման հարթակը համախմբել է Եվրասիական պետությունների պետական համալսարանների ռեկտորներին, պրոռեկտորներին, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ինստիտուտների ղեկավարներին, առաջատար գիտնականներին և փորձագետներին, երիտասարդ հետազոտողներին և ուսանողներին Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից: Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցան նաև փորձագիտական քննարկումներ, երիտասարդական գիտական նստաշրջան, նախագծերի և հետազոտությունների շնորհանդեսներ:

Գիտաժողովի կազմակերպիչն էր հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը, որի գլխավոր գործընկերն է Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիան: Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ:

Համաժողովի «Եվրասիական ինտեգրման սոցիալ-հումանիտար բաղադրիչը. Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի փորձը» նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, ով բովանդակային ելույթով հանդես եկավ՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գործունեությունը, որն իրականացնում է մագիստրոսական և ասպիրանտական կրթություն: «Արդյունավետ ուսուցման կարևոր նախադրյալներից է ամբիոնների անմիջապես ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում տեղակայված լինելը, ինչը ուսանողներին հնարավորություն է տալիս պրակտիկ հետազոտություններ իրականացնել և տեսական գիտելիքներին զուգընթաց ձեռք բերել պրակտիկ հմտություններ», - նշեց Ա. Սարգսյանը: Նա անդրադարձավ նաև Կենտրոնի միջազգային համագործակցության նպատակով կնքված համաձայնագրերին մի շարք առաջատար միջազգային համալսարանների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրների բուհերի հետ:

Իր ելույթն Ա. Սարգսյանը եզրափակեց՝ նշելով, որ Կենտրոնը պատրաստակամ է քննարկել համատեղ ակադեմիական նախագծերի մշակումն ու զարգացումը միասնական ակադեմիական եվրասիական տարածքի ամրապնդման և զարգացման նպատակով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին