Գլխավոր էջ





«Արփիմեդը» նոր ուսումնաարտադրական բազա կդառնա Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների համար

Ապրիլի 19, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն անչափ կարևորում է գործնական և հետազոտական կարողություններով օժտված մասնագետների պատրաստումը՝ ընդգծելով գործատու կազմակերպությունների և կրթական հաստատությունների համագործակցության անհրաժեշտությունը: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ ս/թ ապրիլի 15-ին Կենտրոնի աշխատակիցները հյուրընկալվեցին «Արփիմեդում»: Վերջինս ժամանակակից հայկական դեղարտադրող ընկերություն է՝ դեղագործական շուկայի զարգացման առաջադեմ միտումներով և որակի կառավարման ստանդարտների միջազգային չափանիշներին համապատասխան: «Արփիմեդի» փաթեթն այսօր ներառում է ավելի քան 150 անուն պահանջված և մասնագետների ու սպառողների վստահությանն արժանացած դեղորայք: Ընկերության արտադրանքը հաջողությամբ ներկայացված է մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Բելոռուսում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, ինչպես նաև Եմենում: Հարկ է նշել, որ դեղերի արտահանման ծավալը տարեցտարի մեծանում է, տեսականին՝ հարստանում:

Հյուրերին ընդունեց «Արփիմեդի» տնօրեն Վ. Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էին Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Ե. Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Ա. Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի «Դեղագործական քիմիա» ամբիոնի վարիչ Հ. Աղաբաբյանը, դասախոս Ա. Գինոսյանը Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ա. Շահազիզյանը: Կողմերը ողջունեցին նման հնարավորությունը, կրթություն-գիտություն- արտադրություն եռակողմ կապի ամրապնդումը: Քննարկեցին համագործակցության բոլոր հնարավոր տարբերակները՝ շատ մոտ ապագայում համագործակցության հուշագիր և պրակտիկայի պայմանագիր կնքելու միտումով, ինչը հնարավորություն կտա կենտրոնի համապատասխան մասնագիտությունն ընտրած ուսանողներին պրակտիկա անցնելու նման խոշորագույն ընկերությունում, իսկ այնուհետև համալրելու աշխատակազմը: Օգտակար և արդյունավետ քննարկումից հետո «Արփիմեդ» ընկերության տնօրեն Վ. Ղազարյանի առաջարկով հյուրերը շրջեցին ընկերությունում, ծանոթացան գերհագեցած և ժամանակակից սարքավորումներով հարուստ լաբորատորիաներին, դեղարտադրման փուլերին, ախտահանման, հետազոտման, փաթեթավորման գործընթացներին: Շրջեցին պահեստային հատվածներում, ծանոթացան արդեն պատրաստի դեղատեսակներին, քսուքներին, առհասարակ ընկերությունում աշխատանքի և արտադրության կազմակերպմանը: Նոր ձևավորվող համագործակցության արդյունքում կենտրոնի ուսանողները մշտապես կիրազեկվեն դեղագործական ոլորտի նորագույն ձեռքբերումների մասին և կկարողանան գործնականում լիարժեք կիրառել իրենց փորձը:

ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին