Հայ դասախոսները՝ Տուշայի համալսարանում
Հունիսի 2, 2017Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագրով ս/թ մայիսի 22-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը այցով գտնվում է Տուշայի համալսարանում (Իտալիա):
Ս/թ մայիսի 25-ից մեկնարկեցին հայ դասախոսների դասախոսությունները՝ նախատեսված Կենսաբանական, ագրոպարենային և անտառային համակարգերի նորարարության դեպարտամենտի (DIBAF) ուսանողների համար: Առաջին դասախոսությունը կարդաց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Դավիթ Պիպոյանը՝ սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատումն ու նորարարական կառավարումը թեմայով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Գայանե Պողոսյանը, որը դասավանդում է «Ժամանակից էկոլոգիական հիմնախնդիրներ», «Մարդկային կայուն զարգացման հիմունքներ» դասընթացները, հանդիպում ունեցավ Տուշիայի համալսարանի գյուղատնտեսության և անտառագիտության դեպարտամենտի դոցենտ, «Գյուղատնտեսական էկոլոգիա» դասընթացի դասախոս Ռոբերտո Մանչինելիի հետ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ երկու բուհերում դասավանդվող առարկաների թեմաներին, դասավանդման և գնահատման համակարգերին, ժամանակակից օրգանական գյուղատնտեսության, բնապահպանության և մարդու առողջության ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումներին և դրանց առնչվող հարակից խնդիրներին: