Հայկական օր՝ Տուշայի համալսարանում
Մայիսի 29, 2017Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագրով ս/թ մայիսի 22-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը այցով գտնվում է Տուշայի համալսարանում (Իտալիա):
Ս/թ մայիսի 25-ին Տուշայի համալսարանի ռեկտորատում հանդիսավորությամբ նշվեց հայկական օրը:
Տուշայի համալսարանի ակադեմիական սենատի անդամ Լեոնարդո Վարվառոն ողջույնի խոսքով ընդունեց հայկական պատվիրակությանը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և կապերի ամրապնդում երկու բարեկամ երկրների համալսարանների միջև, իսկ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը ԳԿՄԿ-ի անունից Տուշայի համալսարանին նվիրեց Գրիգոր Նարեկացու սրբապատկերը՝ Հռոմի պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու կապակցությամբ: Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչումը բարձրագույնն է, որ կարող է շնորհել Հռոմի պապը:
Այնուհետև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Դավիթ Պիպոյանը ներկայացրեց Հայաստանի պատմությունը, հետաքրքիր դրվագներ ազգային մշակույթից, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը պատմեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գործունեության մասին, իսկ Արմեն Սաղաթելյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ էկոլոգիական նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գործունեությունը:
Զեկույցների ավարտից հետո հայկական օրվա մասնակիցներին անակնկալ էր սպասվում ՝ հայկական ավանդական տոլմայով, այլ համեղ ուտեստներով ու գինով հագեցած սեղան՝ պատրաստված հայկական պատվիրակության անդամների կողմից: