Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում բացվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած մեդիալաբորատորիա

Հոկտեմբերի 24, 2023

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ ժամանակակից տեխնիկական միջոցներով և ծրագրային լուծումներով հագեցած մեդիալաբորատորիայի բացումը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, տնօրենության անդամներ և աշխատակիցներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը, ով ողջունելով ներկաներին՝ նշեց, որ այս մեդիալաբորատորիան իր հագեցած տեխնիկական բազայով արդյունավետ հարթակ կծառայի երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար ստեղծելու որակյալ տեսադասեր, դասախոսություններ ու կրթական, գիտահետազոտական և մասնագիտական մեդիաբովանդակություն, ինչպես նաև նոր հնարավորություն կընձեռի ԳԿՄԿ գործունեությունն ավելի լայնածավալ հանրայնացնելու համար:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ա. Սաղյանը շնորհավորեց և իր գոհունակությունը հայտնեց մեդիալաբորատորիայի բացման առթիվ՝ հաջողություն մաղթելով իրականացվող նախագծերին:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Ա. Իշխանյանը միանալով շնորհավորանքներին՝ կարևորեց այն փաստը, որ այսօր ապրելով թվային դարաշրջանում՝ շատ կարևոր է կրթության և գիտության ակտիվ հանրայնացումը տարբեր սոցիալական հարթակներում:

Նշենք, որ մեդիալաբորատորիայի տեխնիկական միջոցները ձեռք են բերվել Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին