Գլխավոր էջ





ARMDOCT կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփում

Դեկտեմբերի 1, 2023

Դեկտեմբերի 1-ին կայացավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։

Նախագիծն իրականացվում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական մասնակցությամբ և համակարգվում էր Եվրասիա միջազգային համալսարանի կողմից՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություննների, 1 գիտահետազոտական ինստիտուտի ներգրավմամբ։

Ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը»։

Բուհերից ներգրավված հետազոտողներն ու փորձագետները հայեցակարգում ներկայացրել են հետբուհական կրթության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սահմանել հնարավոր լուծումները՝ որպես հետագա բարեփոխումների ուղենիշներ։

Համաժողովի բացման արարողությանը մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը, ովքեր կարևորեցին ծրագրի ընթացքում իրագործված տեսանելի արդյունքների և դրանց կիրարկման համար ստեղծված հնարավորությունների լայն շրջանակը:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, համագործակցություններ են ձևավորվել համալսարանների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև, մասնավորապես ձևավորվել են համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից ստեղծվել է «Կայուն զարգացում» ուղղվածությամբ դոկտորական դպրոցների կոնսորցիում:

Միջոցառման ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, որոնց թվում էր նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ -ում:

Բուհերի կողմից մշակված բոլոր փաստաթղթերն առկա են ARMDOCT ծրագրի պաշտոնական կայքէջի արդյունքների բաժնում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին