«Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավում, մոնիթորինգ և որակի գնահատում». ԳԿՄԿ-ում ավարտվեց ևս մեկ վերապատրաստման ծրագիր
Հոկտեմբերի 2, 2024Հոկտեմբերի 2-ին ավարտվեց «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավում, մոնիթորինգ և որակի գնահատում» թեմայով վերապատրաստումը, որը ԳԿՄԿ տնօրենության հրավերով վարում էր Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին ԳԿՄԿ առարկայական ծրագրերն ու նկարագրերը, իրականացվեց դրանց ուժեղ և թույլ կողմերի գնահատում, մասնակիցների հետ աշխատանք տարվեց ներկայացված ծրագրերի ուսանողակենտրոն վերափոխման հնարավորությունների ուղղությամբ, դիտարկվեցին մոնիթորինգի իրականացման ուղղությունները, որակի ապահովման մեխանիզմներն ու գործիքները: Հոկտեմբերի 1-2-ը քննարկման հիմնական թեման արդեն ԳԿՄԿ դասախոսների կողմից վերափոխված և նորացված ծրագրերն էին: Վերապատրաստումն ընդհանուր առմամբ ընթացավ ակտիվ քննարկումներով և հարց ու պատասխաններով։
Հիշեցնենք, որ վերապատրաստմանը մասնակցում էին ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը, ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը, ԳԿՄԿ տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի որակի ապահովման պատասխանատու Մանանա Ենոքյանը և ԳԿՄԿ դեկանատի աշխատակից Ջուլիետա Սևյանը։
Վերապատրաստման ավարտին մասնակիցները ստացան համապատասխան հավաստագրեր՝ 1 կրեդիտ ծավալով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին