Եվս մեկ ձեռքբերում AFISHE ծրագրի շրջանակներում
Նոյեմբերի 28, 2023Նոյեմբերի 28-ին Էրազմուս+ AFISHE ծրագրի շրջանակներում գրանցվեց ևս մեկ ձեռքբերում. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվեց համատեղ հետազոտական ենթակառուցվածքի հասանելիության համաձայնագիր համատեղ մշակված ուսումնական պլանի շրջանակներում գիտական և հետազոտական գործունեություն իրականացնելու նպատակով:
Հանդիսանալով «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) կոնսորցիումի մաս, գործընկեր բուհերը կօգտագործեն AFISHE ծրագրի շրջանակում գնված սարքավորումները, որոնք տեղադրված են հաստատությունների գիտական և հետազոտական լաբորատորիաներում՝ այսուհետ ծառայելով որպես «AFISHE լաբորատորիաներ»: Այս գիտական և հետազոտական լաբորատորիաները գործընկեր բուհերի համար կդառնան համատեղ և նշանակալից գիտական փորձերի և հետազոտությունների իրականացման հարթակ:
Հիշեցնենք, որ ծրագրի նպատակներից մեկը ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների ստեղծումն է ակադեմիական միջավայր կառուցելու և արդիականացնելու նպատակով, որը կծառայի որպես հետազոտական, ցկյանս ուսուցման և վերապատրաստման հարթակ։
AFISHE ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար, ինչը կզարգացնի էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումներն և գործունեությունը՝ համապատասխան ՄԱԿ-ի Կայուն Զարգացման նպատակներին և ԵՄ Կանաչ Գործարքին։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին