Գործատուների հետ հանդիպում AFISHE ծրագրի շրջանակներում
Մարտի 16, 2023Ս/թ մարտի 16-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գործատուների հետ հանդիպում ԳԿՄԿ-ում՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հրավերով, որի նպատակն էր միջազգային համեմատական ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո վերհանել տեղի գործատուների կարիքներն ու պահանջները և սահմանել, թե ձկնային տնտեսությունների ոլորտում ժամանակակից պահանջներին համապատասխան ինչպիսի գիտելիքներով, կարողություններով և հմտություններով օժտված մասնագետների կարիք կա:
Հանդիպմանը մասնակցում էին ոլորտային գործատուների՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Արփի լիճ», «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի, ձկնաբուծարանների և ձկնային տնտեսությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը ողջունելով մասնակիցներին՝ ընդգծեց կրթական ծրագրի մշակման գործընթացում գործատուների ակտիվ ներգրավվածության և ուսումնական ծրագրում նրանց առաջարկների ներառման կարևորությունը:
Ծրագրի համակարգող Գարեգին Համբարձումյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները, իսկ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համակարգող Բարդուխ Գաբրիելյանը ծանոթացրեց գործընկեր հաստատությունների աշխատանքային թիմերի կողմից իրականացված միջազգային բենչմարքինգի արդյունքները, որտեղ դուրս են բերվել 30 մագիստրոսական կրթական ծրագրերի ընդհանուր եզրահանգումներն ու միջազգային լավագույն պրակտիկան:
Քննարկման ընթացքում առաջ քաշվեցին կարևոր առաջարկություններ, որոնք, ըստ գործատուների, պետք է ներառվեն մագիստրոսական ծրագրում: Մասնավորապես, նշվեց, որ այսօր առավել պահանջված են իխտիոպատալոգներ, որոնք ունակ կլինեն ախտորոշել ձկների և այլ ջրային կենդանիների հիվանդությունները` նշանակելով ճիշտ և ժամանակին բուժում: Բացի այդ, կարիք կա մասնագետների, որոնք կարող են կազմակերպել ձկնաբուծարանների շահագործումը՝ սկսած նախագծային փուլից` համապատասխանացնելով այն միջազգային էկոլոգիական պահանջներին: Առաջարկվեց նաև մագիստրոսական կրթական ծրագրում ներառել դասընթացներ, որոնք կօգնեն պատրաստել հիդրոկենսաբաններ, ձկնաբույծներ, ձկնաբաններ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց մասնագետներին անհրաժեշտ մի շարք այլ նշանակալի կարողությունների զարգացմանը: Հանդիպման մասնակիցներից ոմանք առաջարկեցին նաև մշակել կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ:
Գործատուների հետ հանդիպումը բավականին արդյունավետ էր՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ առաջարկները հիմք կհանդիսանան բիզնեսի և ժամանակակից հասարակության կարիքներին համապատասխանող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի մշակման համար, ինչպես նաև հընթացս կընդլայնվեն բուհ-ձեռնարկություն-հետազոտություն հետագա համագործակցության հնարավորությունները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին