ԳԿՄԿ ուսանողների և շրջանավարտների արշավը դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր
Հուլիսի 5, 2023Հուլիսի 5-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 2022-2023 ուստարվա շրջանավարտներն ու ուսանողներն ուղևորվեցին Արագածոտնի մարզ՝ դեպի Ամբերդ և Սաղմոսավանք: Արշավը կազմակերպվել էր ԳԿՄԿ Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ՝ Հանրային կապերի և կարիերայի բաժնի անմիջական աջակցությամբ:
Արշավի ընթացքում հետազոտող ուսանողների խումբն ուսումնասիրություններ անցկացրեց Հայաստանի հնագույն ամրոցներից մեկի՝ Ամբերդ ամրոց-համալիրի տարածքում, որը Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից է եղել և իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել:
Հաջորդ ուղղությունը դեպի միջնադարի ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր՝ Սաղմոսավանքը, որի ճանապարհին արշավախումբը հասցրեց զմայլվել Հայաստանի աննկարագրելի գեղեցիկ բնաշխարհով:
Օրվա բարձր տրամադրությունն ու դրական էներգիայի մեծ պաշարն ապահովված էին. այն հագեցած էր ասմունքով, երգ ու պարով՝ շվիի հիասքանչ մեղեդու նվագակցությամբ: ԳԿՄԿ տաղանդաշատ ուսանողները փայլեցին իրենց բազմակողմանի շնորհներով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ կազմակերպված այս արշավը նոր համագործակցության սկիզբ ազդարարեց շրջանավարտների և ներկայումս սովորող ուսանողների միջև, որն արդեն իր շարունակականությունը կունենա ԳԿՄԿ «Շրջանավարտների միավորում» նախաձեռնության շրջանակներում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին