Նոր հնարավորություն «Դեղագործական քիմիա» ամբիոնի մագիստրանտների համար
Մայիսի 27, 2021ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը կարևորում է գործնական և հետազոտական կարողություններով օժտված մասնագետների պատրաստումը և այդ համատեքստում ընդգծում գործատու կազմակերպությունների և կրթական հաստատությունների համագործակցության անհրաժեշտությունը: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ ս/թ մայիսի 20-ին Կենտրոնի «Դեղագործական քիմիա» ամբիոնի մագիստրանտները հյուրընկալվեցին «Արփիմեդ» դեղարտադրող ընկերությունում։ Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ համագործակցության հուշագիր և պրակտիկայի կազմակերպման պայմանագիր կնքվեց Գիտակրթական միջազգային կենտրոնի և «Արփիմեդ» դեղարտադրող ընկերության միջև, ինչը հնարավորություն կտա կենտրոնի համապատասխան մասնագիտությունն ընտրած ուսանողներին պրակտիկա անցնելու նման խոշորագույն ընկերությունում, իսկ այնուհետև աշխատելու դեղարտադրության ոլորտի տարբեր կազմակերպություններում:
Նոր ձևավորվող համագործակցության շնորհիվ Կենտրոնի ուսանողները մշտապես կիրազեկվեն դեղագործական ոլորտի նորագույն ձեռքբերումների մասին և կկարողանան գործնականում լիարժեք կիրառել մագիստրատուրայում ստացած գիտելիքներն ու փորձը:
ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին