Գլխավոր էջ





12 Ապր

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ընդհանուր գծով փոխտնօրեն Ա. Միրզոյանը

Ապրիլի 12, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակազմը խորը վշտով հայտնում է, որ կյանքի 75-րդ տարում կյանքից հեռացել է Կենտրոնի ընդհանուր գծով փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Միրզոյանը:

Անուրանալի է նրա ավանդը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի զարգացման և առաջընթացի գործում: Անմնացորդ նվիրումով, նախաձեռնող խառնվածքով և կազմակերպչի ձիրքով երկար տարիներ Ա. Միրզոյանն ապահովել է Կենտրոնի նպատակային և արդյունավետ գործունեությունը:

Նա իր գործի իսկական մասնագետն էր, ազնիվ ընկեր ու ընտանիքի նվիրյալ հայր:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակազմը խորապես ցավակցում է Արամ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց ծանր վիշտը:


Արամ Մովսեսի Միրզոյանը ծնվել է 1947 թվականին Երևանում։

1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» բաժինը:

1971-1973թթ. Միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտ, ավագ ինժեներ:

1973-1974թթ. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի հաշվիչ կենտրոն, «ՂԱՍԼ»:

1974-1978թթ. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի հաշվիչ կենտրոն, ասպիրանտ «Տեխնիկական կիբերնետիկայի և ինֆորմատիկայի տեսություն» մասնագիտությամբ:

1980թ. «ԻՌԵԱ» Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի օրգանական սինթեզի Երևանյան լաբորատորիա, օպտիմիզացիայի և մոդելավորման սեկտորի ավագ գիտաշխատող:

1986թ. «Հաշվիչ տեխնիկայի» լաբորատորիայի վարիչ, վերանվանված հայկական կիրառական քիմիայի «ԱՌԻԱԿ» ինստիտուտ:

1999թ. ՀՀ ԳԱԱ գիտատեխնիկական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ:

2002թ. ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվության և լրատվության կենտրոնի գիտական քարտուղար:

2003թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար:

2005թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի տեղակալ:

2021–2022թթ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ընդհանուր գծով փոխտնօրեն:

Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ: