«Հնամյա ու նորաշունչ հայոց լեզուն» թեմայով երկօրյա դասընթաց
Սեպտեմբերի 16, 2022ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնը հրավիրում է մասնակցելու խտացված երկօրյա դասընթացի՝ «Հնամյա ու նորաշունչ հայոց լեզուն» թեմայով:
Դասընթացը կվարի բ.գ.թ., Լեյդենի համալսարանի գիտաշխատող, հայագետ Հրաչ Մարտիրոսյանը:
Դասընթացի նպատակն է հնարավորինս հանրամատչելի ձևով ներկայացնել հայոց լեզվի և մշակույթի ծագումն ու պատմական զարգացման ընդհանուր նկարագիրը, հայրենագիտության գործիքներն ու մեթոդները, լեզվական փոփոխությունների մշտարթուն ընթացքն ու տրամաբանությունը, հնչյունափոխական օրենքի ըմբռնումը, լեզվամշակութային բազմաշերտ իրողությունները, գիտական ու կեղծ գիտական դրույթների տարբերակման միջոցները, Հայկական լեռնաշխարհում (մասնավորապես Արցախում և Սյունիքում) հայոց լեզվի պատմական ներկայության լեզվամշակութային ու ժամանակագրական բնութագրերը, արդի լեզվական մարտահրավերները և այլն:
Թեմատիկ հենքում հայոց լեզվի ողջ պատմությունն է՝ հնդեվրոպական ակունքներից մինչև գրաբար, աշխարհաբար ու բարբառներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու Արցախի ու Սյունիքի տարածքների բարբառային ու լեզվամշակութային առանձնահատկությունները, հատկապես՝ բնաշխարհը, հատկանունները, դիցաբանությունն ու հավատալիքները և նյութական մշակույթը, մասնավորապես՝ գորգագործությունը:
Դասընթացի տևողությունը 2 օր է՝ օրական շուրջ 5 ժամ տևողությամբ:
Դասընթացի սկիզբը ս.թ. սեպտեմբերի 19-ից է, ժամը՝ 10:30-ից, իսկ սեպտեմբերի 20-ին՝ 09:30-ից:
Դասընթացը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ 2.1 լսարանում (Երևան, Մարշալ Բաղրամյան 24Դ, 2-րդ հարկ):