Գլխավոր էջ





14 Ապր

«Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով հանրապետական գիտաժողովի հրավեր

Ապրիլի 14, 2023

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմն ու Թալինի համայնքապետարանը համատեղ կազմակերպում են «Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով հանրապետական գիտաժողով, որը տեղի կունենա հունիսի 20-ին, Թալինում: Այն նվիրվում է թալինցի մերօրյա հերոս Միհրան Ասատրյանի հիշատակին:

Գիտաժողովին հրավիրվում են մասնակցելու մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ, գիտաշխատողներ, ովքեր պետք է հանդես գան զեկուցումներով:

Զեկուցման ներկայացվող թեմաները պետք է վերաբերեն Արագածոտնին և ներառեն հետևյալ ուղղություններից որևէ մեկը՝

  • Հնագիտություն
  • Պատմություն
  • Նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն
  • Ժողովրդագրություն
  • Ազգագրություն
  • Պատմական հիշողություն
  • Բարբառագիտություն
  • Ճարտարապետություն
  • Աշխարհագրություն
  • Կրթություն
  • Հոգևոր և մշակութային կենտրոններ
  • Տպագրության պատմություն
  • Բնական գիտություններ
  • Հայաստան
  • Զբոսաշրջություն
  • Քաղաքագիտություն

Գիտաժողովի կարևորությունը բխում է ներքոնշյալ նպատակներից և ակնկալվող արդյունքներից.

Նպատակներ՝

  • Ընձեռել Արագածոտնի մարզին վերաբերող պատմական, աշխարհագրական, հնագիտական, ժողովրդագրական,պատմամշակութային ժառանգության պահպանման և այլ արդի հիմնախնդիրները վեր հանող ուսումնասիրությունների ստեղծման հնարավորություն:
  • Հնարավորինս ներկայացնել Արագածոտնի ունեցած դերը տարածաշրջանի պատմական գործընթացների ձևավորման և զարգացման համակարգում:
  • Համախմբել գիտության և կրթության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ հաղորդակից դարձնելով նրանց վերոնշյալ բնագավառներում կատարվող հետազոտություններին և աշխատաքներին:
  • Ստեղծել արծարծվող թեմաների քննարկման արդյունավետ, գիտական միջավայր:

Ակնկալվող արդյունքներ՝

  • Մերօրյա ընկալման և իմաստավորման համապատկերում Արագածոտնի մարզի պատմամշակութային նկարագրի ձևավորում:
  • Նոր ուսմնասիրությունների հանրահռչակում և ամրապնդում:
  • Համապատասխան ոլորտների վերաբերյալ տեղեկատվության համախմբում և մեկտեղում:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար խնդրում ենք լրացնել հայտը հետևյալ հղումով՝  https://forms.gle/EBmoAsKCEeNzeVDAA

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ ապրիլի 15-ը, հայտերի հաստատման վերջնաժամկետը` ապրիլի 30-ը: Գիտաժողովի օրակարգը կհրապարակվի մայիսի 5-ին: Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:

Նշված վերջնաժամկետից հետո ուղարկված և թեմայից դուրս հայտերը չեն ընդունվի: Գիտաժողովին ներկայացված զեկույցների ընտրանին կդիտարկվի տպագրման համար: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեոախոսահամարներով՝ (+374)94-25-45-07, (+374)77֊04-72-92, էլ. հասցե՝ gitajoghovaragtsotn@gmail.com

Ներկայիս Արագածոտնը պատմական Մեծ Հայքի Այրարատ աշխարհի կենտրոնական Արագածոտն գավառի մաս է կազմել: Կոչվել է նաև Արագածի ոտն, Արագածոտան, Կողմն Արագածա և այլն: Իր տեղադրությամբ հանդերձ դարեր շարունակ պատմական կարևորագույն իրադարձությունների մասնակից է եղել:

Ներկայումս ՀՀ մարզային կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է՝ Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններով: Այն հարուստ է նաև պատմամշակութային, ճարտարապետական, հոգևոր կոթողներով: Եվ այսօր անհրաժեշտություն է կազմակերպվող հանրապետական գիտաժողովի միջոցով մշակութային, գիտակրթական և հոգևոր աշխարհի ուշադրությունը ուղղել դեպի Արագածոտն: