Գլխավոր էջ





Վերապատրաստում Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում

Նոյեմբերի 3, 2016

Ս/թ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի աշխատակազմը, ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը, ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը, տեխնիկական խորհրդատուներ՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՏՏ բաժնի պետ Արմեն Սարգսյանը և ՀՀ ՊԿԱ ՏՏ բաժնի պետ Ալեքսան Դավթյանը այցելեցին Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան (Գերմանիա) ուսումնասիրելու հեռավար կրթության իրականացման միջազգային փորձը, ինչպես նաև «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի բովանդակային առանձնահատկությունները:
Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը Գերմանիայի գերազանցության աստիճան ունեցող 11 համալսարաններից մեկն է. այն շնորհվել է 2012 թ.: Համալսարանը նորարարության, ճարտարագիտության և հետազոտության արտահանման գերազանցության կենտրոն է:
Վերապատրաստման ընթացքում ուսումնասիրվեցին հեռավար կրթության կազմակերպման առանձնահատկությունները, կրեդիտային բաշխվածությունը, որակի ապահովումը: Գերմանիայում հեռավար կրթությամբ հիմնականում հետաքրքրված են արդեն աշխատող անձինք, որոնք գիտելիքների թարմացման կամ լրացուցիչ կրթության կարիք ունեն՝ աշխատանքում առաջխաղացման և նպատակով:
Վերապատրաստման օրերին ներկայացվեց նաև Գերմանիայի Հագենի համալսարանի գործունեությունը, քանի որ Հագենի համալսարանը ամբողջովին հեռավար կրթություն առաջարկող միակ պետական համալսարանն է Գերմանիայիում:
Այցելություններ կազմակերպվեցին Բիզնեսի կառավարման ֆակուլտետ (MBA), Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին և գրադարան:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում ներկայացվեց «Student-life-cycle management» համակարգը, որը ներկայումս գտնվում է մշակման փուլում: Այն միացնում է հեռավար ուսուցման համակարգը և համալսարանի ներքին տեղեկատվական համակարգը, համալսարանի վեբկայքը, որը նաև ծառայում է որպես ուսումնական նյութերի շտեմարան, ուր ուսանողները մուտք ունեն մեկ միասնական նույնականացմամբ, ինչպես նաև «Opal» համակարգը: