Գլխավոր էջ





Երկրաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Հրաչյա Վարդանի Շահինյան,
երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Երկրաբանություն» ամբիոնը հիմնադրվել է 2013 թվականին` Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական ներուժի և նյութատեխնիկական բազայի հիման վրա: Ամբիոնի ստեղծման նպատակը երկրաբանություն մասնագիտությամբ ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտական գիտելիքներով օժտված երիտասարդ մագիստրոսների պատրաստումն է: Մագիստրատուրայում ուսումնառության տարիներին նրանք կտիրապետեն հետազոտական աշխատանքներ կատարելու մեթոդիկային, կմասնակցեն դաշտային, լաբորատոր աշխատանքներին, իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին հնարավորություն կնձեռնվի մասնակցել նաև դրամաշնորհային ծրագրերին: Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող մասնագետներ, որոնց գիտական աշխատությունները պարբերաբար հրատարակվում են հայրենական և արտասահմանյան բազմաթիվ գիտական հրատարակություններում, միջազգային գիտաժողովների նյութերն ամփոփող ժողովածուներում:


Ամբիոնի խնդիրները և հեռանկարները

«Երկրաբանություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, գիտական կադրեր, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Մագիստրատուրայի ուսանողներն ուսման ընթացքում կստանան հիմնավոր գիտելիքներ երկրաբանական գիտության տարբեր ուղղությունների՝ ակտիվ տեկտոնիկայի, երկրաբանական վտանգների, սեյսմաբանության, սեյսմիկ ռիսկի գնահատման, հրաբխագիտության ու հրաբխային վտանգի գնահատման, նստվածքագիտության, երկրաքիմիայի, հիդրոերկրաքիմիայի, օգտակար հանածոների և նրանց որոնման մեթոդների, պետրոլոգիայի և պետրոգրաֆիայի, աշխարհագրական տեղեկատվական մեթոդների և այլ ուղղությունների մասին:
Կկարդացվեն դասախոսություններ հարակից այն գիտությունների մասին, որոնք օգտագործվում են երկրաբանական հետազոտությունների ժամանակ: Մագիստրատուրայի ուսումնական ծրագրում ներառված են ինչպես հիմնարար բնույթի դասախոսություններ, այնպես էլ գործնական, լաբորատոր և դաշտային աշխատանքներ:
Ուսումնական գործընթացը կիրականացվի որակյալ և փորձառու մասնագետների կողմից:
Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան աշխատելու Երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ հետագա ասպիրանտական ուսումնառության հեռանկարով:


 

Մասնագիտացումը՝ ընդհանուր երկրաբանություն

 


 

Գիտահետազոտական աշխատանքները

Ինստիտուտը համատեղ գիտական հետազոտություններ է իրականացնում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Իրանի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների մասնագետների հետ: Այդ աշխատանքների ընթացքում ստացված կարևոր արդյունքները տպագրվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում և ժողովածուներում: Ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRF) հետ համատեղ ստեղծվել է (2012թ.) Հայ-ֆրանսիական միջազգային լաբորատորիա, որի գործունեության ընթացքում ստացվել են նոր, կարևոր տեղեկություններ սեյսմոտեկտոնիկայի և հնագիտության բնագավառներում: Իրականացվում է երիտասարդ մասնագետների պատրաստում և վերապատրաստում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, ԱՄՆ համալսարաններում: Տարբեր տարիների Ինստիտուտը իրականացրել է բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր (CRDF, DARIUS, SCI, INTAS, ISTC, LIA, PICS, NATO, MEBE, SCOPES, IRGPEER-Science, NSF, և ուր.) և պայմանագրային աշխատանքներ երկրաբանության գրեթե բոլոր կարևորագույն բնագավառներում: 2011թ. ՀՀ կառավարության պատվերով ավարտվեց Հայկական նոր ատոմակայանի հարթակի տարածքի սեյսմիկ և հրաբխականության պայմանները գնահատելու աշխատանքը, որն ընդունվեց Միջազգային ատոմային գործակալության կողմից և արժանացավ բարձր գնահատականի:
Անցած տարիների ընթացքում Ինստիտուտի աշխատակիցները մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել հեղինակավոր միջազգային Երկրաբանական կոնգրեսներում, բազմաթիվ խորհրդակցություններում և գիտաժողովներում, իսկ նրանց կողմից ստացված գիտական արդյունքները տպագրվել են մենագրությունների և հոդվածների ձևով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր ամսագրերում և ժողովածուներում: Ինստիտուտում, նրա կազմակերպման առաջին իսկ տարվանից, գործում է երկրաբանական գրադարանը, որի հիմքը կազմեց Հ.Կարապետյանի անձնական հարուստ գրադարանը: Գրադարանում պահպանվում են տասնյակ հազարավոր գրքեր, բազմաթիվ հոդվածներ, մենագրություններ, ատենախոսություններ, գիտական հաշվետվություններ, քարտեզներ, սեղմագրեր:
ԵԳԻ Երկրաբանական թանգարանում ցուցադրված են ապարների, միներալների, օգտակար հանածոների և հնեաբանական հարուստ հավաքածուներ:
Ներկայումս Ինստիտուտը Հանրապետության միակ գիտական կազմակերպությունն է, որն իրականացնում է ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական հետազոտություններ երկրաբանության հիմնական ուղղություններով: Ինստիտուտին կից 1996թ.-ից գործում է Գիտություններ Երկրի մասին բնագավառի մասնագիտական խորհուրդ, որտեղ մինչև 2017թ. պաշտպանվել են 8 դոկտորական, 39 թեկնածուական ատենախոսություններ:






 

 





ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ