Գլխավոր էջ





Տնօրենի ողջույնի խոսքը

Բարի գալուստ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական կայք։

Գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքային միավորներից մեկն է: 1997 թ. Ակադեմիայի նախագահության կազմում գործող ասպիրանտուրայի բաժնի հիման վրա ստեղծված Կենտրոնն այսօր նորովի է ներկայանում իր այցելուներին: Շուրջ 20-ամյա գործունեության ընթացքում այն բազմաթիվ հաջողություններ է գրանցել՝ իր նպաստը բերելով մայր կաճառի զարգացման և առաջխաղացման գործին:
Հավատարիմ մնալով ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով գիտական կադրերի պատրաստման իր խնդրին՝ 2004 թ. Կենտրոնն ընդլայնեց իր սահմանները և սկսեց ուսուցում իրականացնել նաև մագիստրոսական կրթական ծրագրերով` նպատակ ունենալով արագացնել կրթությունից գիտական գործունեության անցնելու գործընթացը, ինչպես նաև ակադեմիական համակարգը համալրել երիտասարդ կադրերով:
Լավ գիտակցելով, որ ակադեմիական միջավայրում մագիստրանտների ուսուցումը հնարավորություն կտա նրանց հնարավորինս արագ ինտեգրվելու գիտական հասարակայնությանը և գիտական մտածողություն ձևավորելու՝ Կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմը, որում հիմնականում գործող գիտնականներ են, ջանք չի խնայում իր գիտելիքներն ու փորձը հաղորդելու ուսանողներին: Տարեցտարի նորացվող կրթական ծրագրերը, ուսուցման ժամանակակից մեթոդներն ու գիտատեխնիկական ձեռքբերումները ավելի հետաքրքիր և արդյունավետ են դարձնում ուսուցումը Կենտրոնում, իսկ 2014 թ. ստեղծված հեռավար կրթության հարթակը հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց ուսուցում ստանալ կամ մասնակցել վերապատրաստման դասընթացների առցանց, իրենց հարմար վայրում և իրենց հարմար ժամերի:
Կենտրոնի նորացված կայքն ավելի լայն հնարավորություններ է տալիս անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար, իսկ օրեցօր թարմացվող էջերը ծանոթացնում են նրա առօրյային, իրականացվող գիտական, կրթական տարբեր ծրագրերին և մշակութային միջոցառումներին:
Վստահ ենք, որ այցելելով մեր կայք՝ սպառիչ տեղեկություններ կստանաք ձեզ հետաքրքրող հարցերի մասին:

Հարգանքով՝ 
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյան



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 568032
  • Կապվեք մեզ հետ