ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային և բջջային կենսաբանության» ասպիրանտական ծրագիրն անցավ արտաքին գնահատում
Ապրիլի 4, 2017
ԵՄ Տեմպուս ֆինանսավորմամբ իրականացվող «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրի շրջանակներում հետազոտողի կրթական ծրագրի արտաքին գնահատման նպատակով հայաստանյան 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ արտաքին գնահատում կանցնեն: Ապրիլի 3-ին փորձագիտական խումբն արտաքին գնահատման նպատակով այցելեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ (ՀՀ ԳԱԱ ՄԿԻ), որտեղ փորձագետները քննարկեցին ասպիրանտական ծրագրի ինքնավերլուծությունը և հարակից այլ փաստաթղթեր, հանդիպեցին ՀՀ ԳԱԱ ՄԿԻ գիտական ղեկավարների և ասպիրանտների հետ և քննարկեցին ասպիրանտական ծրագրում նրանց հուզող խնդիրները, ինչպես նաև այցելեցին համապատասխան ենթակառուցվածքներ՝ լաբորատորիաներ, համակարգչային լսարաններ և գրադարան:
Փորձագիտական խմբում ընդգրկված են երկու տեղացի փորձագետ, մեկ միջազգային փորձագետ, մեկ ուսանող-փորձագետ (ասպիրանտ) և մեկ դիտորդ ծրագրի գործընկեր ուսումնական հաստատություններից: Գործընթացը համակարգում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետները:
Ասպիրանտական ծրագրի ինքնավերլուծությունը կազմվել էր ԵՄ Տեմպուս ֆինանսավորմամբ իրականացվող «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրի ՀՀ ԳԱԱ աշխատանքային թիմի կողմից: