Գլխավոր էջ





Աշխատաժողով Վանաձորում

Հուլիսի 6, 2017

2017 թ. հուլիսի 1-2-ը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՄ Տեմպուս ֆինանսավորմամբ իրականացվող «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրի հերթական աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ 10 բուհերի, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության և ՀՀ ԳԱԱ աշխատանքային խմբերը: Աշխատանքային առաջին օրը քննարկվեց ՀՀ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը` կապված կրթության երրորդ մակարդակի կազմակերպման կանոնակարգմանն առնչվող հարցերին վերաբերող: Կարծիքները տարբեր էին, մոտեցումները՝ բազմազան, և դրանք բոլորն էլ քննարկվում էին աշխատանքային բուռն մթնոլորտում: Աշխատաժողովի երկրորդ օրը ներկայացվեց Շվեդիայի, Անգլիայի, Իսպանիայի գործընկեր բուհերի փորձը՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կազմակերպման գործում, և քննարկվեց հետազոտական աշխատանքի ղեկավարման հարցը: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ասպիրանտի ղեկավարման սկզբունքները Գերմանիայի Հայդելբերգ համալսարանի «Մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ասպիրանտական դպրոցում»՝ այն համեմատելով ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» ասպիրանտական ծրագրի հետ: Այնուհետև աշխատանքային խմբերը սկսեցին քննարկումները՝ ասպիրանտական ծրագրերի արտաքին փորձաքննության ժամանակ եվրոպական փորձագետների կողմից ներկայացված բարելավման առաջարկների մասով: