Գլխավոր էջ





Աշխատանքային այց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

Դեկտեմբերի 26, 2016

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մշտադիտարկման շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ): Դրամաշնորհային ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի և ՀՀ ՊԿԱ-ի միջև դրամաշնորհային պայմանագրով իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը վերոնշյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կոնսորցիումի մասնակիցներից մեկն է, մյուսը՝ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն է (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ): Ծրագրի իրականացումը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, միասնական կրթական տարածքի ստեղծմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կատարած այցի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձանագրեցին, որ ձեռք բերված անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների մի մասը տեղադրված է կոնսորցիումի մասնակից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը ներկայացրեց այն տեխնիկական սարքավորումը, (DNS սերվեր) որի վրա տեղադրված է էլեկտրոնային Moodle հարթակը, ուսումնական գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու և կառավարելու համար: Նշենք նաև, որ այս համակարգը կօգնի դասախոսական անձնակազմին ստեղծելու արդյունավետ առցանց ուսումնական համայնք: Այցի ընթացքում ներկաները շրջեցին մասնագիտացված լսարաններում , որտեղ նախատեսված է իրականացնել հեռավար դասընթացների կառուցում և երկու գործընկեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում՝ նորարարական մեթոդներով: Ա. Հարությունյանի հավաստմամբ՝ առաջիկայում կիրականացվեն հեռավար ուսուցման հարթակում ուսանողների նույնականացման ծրագրային ապահովման մուտքի տրամադրման համար անհրաժեշտ քայլերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա համատեղ աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը կարևորագույն խթան է Հայաստանի բարձրագույն կրթության տարածքում հեռավար կրթության զարգացման համար: