Զալցբուրգյան սկզբունքների վերաբերյալ վերապատրաստման դասընթաց Գրացում (Ավստրիա)
Ավստրիայի Գրաց քաղաքում 2014թ. մայիսի 5-7-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ ԵՄ Տեմպուս ծրագրի շրջանակներում իրականացվող VERITAS (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի անդամ մասնակիցների՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական համակարգի այլ կազմակերպությունների հավաքը Համաշխարհային համալսարանական ծառայության ավստրիական կազմակերպության աջակցությամբ, որի ընթացքում կազմակերպվեցին սեմինարներ և քննարկումներ զալցբուրգյան սկզբունքների վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անժելա Պապիկյանը ներկայացրին ՀՀ ԳԱԱ կրթական համակարգի համապատասխանելիությունը զալցբուրգյան սկզբունքներին:
Հայկական պատվիրակության կազմում ներկայացված էին ՀՀ ԿԳ նախարարության, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Երևանի պետական բժշկական համալսարանի (ծրագրի համակարգող), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարապետական և շինարարական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի, «Կրթության որակ» ՀԿ, Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները: Ծրագրում ընդգրկված են նաև եվրոպական հեղինակավոր համալսարաններ՝ Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանը, Շվեդիայի Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտը, Իսպանիայի Ջիրոնայի համալսարանը և Մեծ Բրիտանիայի Բաթ Սպա համալսարանը:
Դասընթացները դարձան ՀՀ բուհերի միջև փորձի փոխանակման հարթակ ՝ ուղղված Հայաստանում կրթության երրորդ մակարդակում` ասպիրանտուրայում ընդհանուր մոտեցումներ սահմանելուն, ինչպես նաև աջակցեցին կրթական հաստատություններին ընդունել և կիրառել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախաձեռնություններին համահունչ նոր չափանիշենր: