Գլխավոր էջ





Հուշագրի կնքում՝ հեռավար կրթության զարգացման նպատակով

Հուլիսի 14, 2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն  Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն  Ալբերտ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հեռավար կրթության զարգացման նպատակով կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթության ներդրման և զարգացման անհրաժեշտությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ միջոցառումների և համագործակցության հիմքերի ստեղծումը և ներդաշնակեցնելով նորմատիվ իրավական ակտերը հեռավար (դիստանցիոն) կրթական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման ուղղությամբ: Հուշագրի փոխգործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանը, կաջակցեն հեռավար կրթական համակարգերի ներդրմանը:
Փոխըմբռնման հուշագիրը կնքվել է «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է կրթության մատչելիության բարձրացումը՝  կազմակերպելով «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումը  հեռավար կրթության ձևաչափով երկու գործընկեր ուսումնական հաստատությունների՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ծրագրի գործընկերն է նաև ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: