Սեմինար ԵՄ Tempus «VERITAS» ծրագրի «Գիտական աստիճանաշնորհում և որակի չափանիշներ» թեմայով
Հունվարի 28, 2015Հունվարի 26-27-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ սեմինար նվիրված Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա գիտական աստիճանաշնորհման չափանիշների և ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման չափորոշիչների մշակման և կիրառման թեմային:
Սեմինարին մասնակցեցին ԵՄ Tempus «VERITAS» ծրագրի գործընկերները (Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից) և հայաստանյան 11 բուհերի ներկայացուցիչները, այդ թվում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան: ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայից սեմինարի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնի պետ Կարինե Բեգոյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի գլխավոր մասնագետ Անժելա Պապիկյանը:
Երկօրյա հանդիպման ընթացքում սեմինարի գործընկերները ակտիվորեն մասնակցեցին կլոր սեղանների շուրջ ծավալված բոլոր քննարկումներին: Մասնակիցները ներկայացրեցին իրենց նկատառումները գիտական աստիճանաշնորհման չափանիշների և որակի չափորոշիչների մշակման գործում ունեցած փորձը, խոսեցին խնդիրների և դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին:
Ծրագրի եվրոպական գործընկերները ներկայացրեցին իրենց համալսարաններում ընդունված դոկտորական կոչման չափանիշները: Հարկ է նշել Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի ներկայացուցիչ Օլիվեր Գրուսի զեկույցը: Նա ներկայացրեց Հայդելբերգի համալսարանի մշակած ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը, որը պետք է հանդիսանա այն մի քանի ուղեցույցներից մեկը, որոնցով պետք է առաջնորդվեն Ծրագրում ներառված ՀՀ բուհերը ասպիրանտական պիլոտային ծրագրերը մշակելիս: