Գլխավոր էջ





ՆՄՀ-ի ուշադրության կենտրոնում՝ հեռավար մագիստրոսական կրթությունն է

Դեկտեմբերի 9, 2016

Դեկտեմբերի 7-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, որտեղ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյան և ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը ներկաներին ծանոթացրին ՆՄՀ շրջանակներում «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին:
Դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին և միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառմամբ մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և հեռավար դասընթացների կառուցում, համատեղ դիպլոմի ձևաչափի մշակում:
Սույն թվականի դեկտեմբերին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը: Արդեն ավարտվել է Գործարար վարչարարություն մագիստրոսական ծրագրի հեռավար ուսուցման ուսումնական պլանի կազմումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանը և ինտեգրմանը: