ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսների այցը Իտալիայի Տուշայի համալսարան
Մայիսի 22, 2018Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսներ ա.գ.թ.-եր Շուշանիկ Ասմարյանը և Վահագն Մուրադյանը Եվրամիության Էրազմուս+ KA 107 ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 6-12 գործուղվել են Իտալիայի Տուշայի համալսարան: Այցի շրջանակներում Շուշանիկ Ասմարյանը և Վահագն Մուրադյանը համալսարանի Գյուղատնտեսության, անտառների, շրջակա միջավայրի ամբիոնի մագիստրատուրայում սովորող ուսանողների և ասպիրանտների համար Հայաստանի վերաբերյալ դասախոսություններ կարդացին հետևյալ թեմաներով՝ «Էկոլոգիական խնդիրների լուծման ուղղությամբ հեռազննման և ԱՏՀ տեխնոլոգիաների կիրառումը», «Լանդշաֆտային պլանավորում», ինչպես նաև «Տարածական տեղեկատվական ենթակառուցվածքներ և կառավարում»։ Դասախոսությունների ընթացքում հեռազննման տեխնոլոգիաների ներդրման տեմպերը և ոլորտը զարգացնելու նպատակով Տուշայի համալսարանի գործընկերների, մասնավորապես պրոֆ. Ռաֆայել Կազայի հետ քննարկումներ եղան Իտալիայում ճշգրիտ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանում այդ տեխնոլոգիաների ներդրման և կիրառման հնարավորությունների վերաբերյալ: Պրոֆ. Ռաֆայել Կազայի ուղեկցությամբ ամբիոնի դասախոսները այցելեցին Իտալիայի Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական հետազոտությունների և վերլուծության կենտրոն: Եվրամիության Հորիզոն 2020 FATIMA նախագծի շրջանակներում այստեղ հանդիպումներ եղան կենտրոնի առաջատար մասնագետներ Ռոզարիո Նապոլիի և Կլաուդիա դի Բենեի հետ, ինչպես նաև քննարկումներ դոկտոր Ֆլավիո Լուպիայի հետ «ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաները և ճշգրիտ գյուղատնտեսությունը» թեմայի՝ մագիստրոսական ծրագրերում դասավանդման մոտեցումների շուրջ: Շ. Ասմարյանը և Վ. Մուրադյանը Տուշայի համալսարանի Գյուղմթերքների, կենսաբանական և անտառային համակարգերի իննովացիոն կենտրոնի պրոֆ. Անտուան Հարֆուշի ուղեկցությամբ այցելեցին Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լաբորատորիա, որտեղ քննարկումներ եղան ճշգրիտ գյուղատնտեսության զարգացման գործում ԱԹՍ-ի կիրառման և դրանցից ստացված տվյալների մշակման հարցերի շուրջ: Համաձայնություն ձեռք բերվեց գիտական համատեղ ծրագրերի մշակման վերաբերյալ, որի շրջանակներում ամբիոնի դասախոսները և ուսանողները ԱԹՍ-ի լաբորատորիայում հնարավորություն կստանան վերապատրաստվելու թռիչքի կառավարման և տվյալների մշակման ուղղությամբ: