Erasmus+ KA107 շարժունության ծրագրի մասնակիցները իրենց փորձով կիսվեցին ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի գիտական խորհրդի ընդլայնված նիստում
Հուլիսի 13, 2017Ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտխորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսական կազմը և կենտրոնի աշխատակիցները:
Նիստը նվիրված էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Իտալիայի Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 ծրագրի շրջանակներում Տուշայի համալսարան ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակության կատարած այցին: Նիստի ընթացքում «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը և ամբիոնի դասախոսներ Դավիթ Պիպոյանն ու Մելինե Բեգլարյանը ներկայացրեցին Տուշայի համալսարան կատարած այցի ընթացքում իրականացրած աշխատանքները:
Ծրագրի մասնակիցները ներկայացրին Տուշայի համալսարանի Կենսաբանական, ագրոպարենային և անտառային համակարգերի նորարարության դեպարտամենտի (DIBAF) առանձնահատկությունները, մասնավորապես միջառարկայական հետազոտությունների և կրթության կազմակերման մոդելը: Այցի ընթացքում ծանոթանալով կենդանի լաբորատորիայի (living lab) իտալական փորձին, ներկայացվեց ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության բնագավառում դիտակտիկ լաբորատորիայի ստեղծման հնարավոր հեռանկարները:
Մասնակիցներին ներկայացվեց բջջային և մոլեկուլային սնուցման լաբորատորիա կատարած այցի, ինչպես նաև ուսանողների համար կարդացած դասախոսությունների, համալսարանում առարկաների դասավանդման, գնահատման և քննական համակարգերի վերաբերյալ համալիր տեղեկատվությունը: Մասնակիցները խոսեցին նաև Տուշայի համալսարանում բարձր մակարդակով կազմակերպված հայկական օրվա և իտալական կողմի մշակութային միջոցառումների մասին:
Նիստի ընթացքում մասնակիցները խոսեցին նաև Տուշայի համալսարանի հետ համագործակցության ու գործնական կապերի ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների և հետագա համատեղ կրթական և գիտական աշխատանքների մասին: