Գլխավոր էջ





Հեռավար կրթություն Հայաստանում. Նորարարություն Հայաստանի բարձրագույն կրթության տարածքում

Դեկտեմբերի 18, 2017

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» համատեղ ծրագրի եզրափակիչ համաժողովը: Ծրագրի մեկնարկը տրվել է երկու տարի առաջ, և այսօր արդեն մասնակիցներն ամփոփում են կատարված աշխատանքը, ձեռքբերումները, խոսում այն դժվարությունների մասին, որոնք հաղթահարելով՝ հասել են եզրափակչին: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ Հայաստանի կրթական համակարգում իրականացվում է հեռավար կրթություն, որի ավարտին շրջանավարտներին համատեղ դիպլոմ է շնորհվելու:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանի բնորոշմամբ, այս համաժողովն առանձնահատուկ է:
«Հասարակությունը դեռևս միանշանակ չի ընկալում հեռավար կրթությունը,- ասաց նա:- Սակայն բոլորն էլ՝ կողմ թե դեմ, ընդունում են, որ ապագան հեռավար կրթությանն է»: ԳԿՄԿ-ի տնօրենը նշեց, որ հեռավար կրթությունը հաստատուն քայլերով առաջ է գնում ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև հետխորհրդային երկրներում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում:
«Ժամանակ և տարածություն չճանաչող կրթության այս ձևը աշխատաշուկայում ևս խնդիրներ կառաջացնի: Հետևաբար մենք հապաղելու իրավունք չունենք»,- ընդգծեց Ալբերտ Սարգսյանը:
«Այս ծրագիրը մի կողմից փորձություն էր, մյուս կողմից՝ նորարարություն, համատեղ աշխատանք, որն արդեն պտուղ է տալիս,- ասաց ՀՀ կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:- Թեև մեր անցած ճանապարհին բազում դժվարությունների հանդիպեցինք, սակայն փորձեցինք գտնել դրանց բոլորի պատասխանները՝ հաճախ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով: Ծրագրի իրականացմամբ մենք մեկ քայլ առաջ ենք կատարում բարձրագույն կրթության ոլորտում»:
Ծրագրի շրջանակում իրականացված քայլերի մասին խոսեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը: Առաջին քայլը եղել է բուհերի տեխնիկական վերազինումը, ապա՝ հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակումը, որին հաջորդել է պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունն ու վերապատրաստումը: Այս ամենից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երեք տարի ժամկետով լիցենզիա է տրամադրել Ծրագրի շրջանակում հեռավար ուսուցմամբ կրթություն կազմակերպելու համար: Երկու կրթօջախների համագործակցությունը հաստատվել է համատեղ հեռավար մագիստրոսական կրթական ծրագրի մասին համաձայնագրով:
Արուսյակ Հարությունյանը խոսեց Ծրագրի ընձեռած նույնականացման հնարավորության մասին, որի նպատակը տվյալների ճշմարտացիությունը հաստատելն է: Նա նշեց, որ այս Ծրագիրը միանշանակ արդյունավետ է, սակայն միաժամանակ այն աշխատատար է թե՛ ուսանողի, թե՛ դասախոսի համար:
Հեռավար դասընթացի առանձնահատկությունները, կառուցվածքը և գիտելիքների գնահատման հնարավորությունները ներկայացրին ԳԿՄԿ դասախոսներ Նարինե Մանուկյանը և Արամ Սիմոնյանը: