Գլխավոր էջ





«Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողով

Օգոստոսի 27, 2016

Օգոստոսի 25-26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը:
Գիտաժողովի առաքելությունն էր փոխճանաչելիության և փոխգործակցության նպատակով քննարկման հրավիրել հայագիտության՝ հայոց պատմության, լեզվի և գրականության, կրոնական, ինքնության տարաբնույթ խնդիրների շուրջ ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի գիտակրթական, մշակութային, լրատվական, գրադարանային դաշտին առնչվող առաջատար կառույցների, կազմակերպությունների համացանցային հարթակներում ներկայացված կայքերի, սոցիալական ցանցերի և բլոգոլորտի պատասխանատու ներկայացուցիչներին:
Կազմակերպիչները նշեցին, որ նմանաբնույթ միջոցառումները համատեղ ազգօգուտ համացանցային տեղեկատվական նախագծեր ծրագրելու, ինչպես նաև համացանցային հարթակում հայակենտրոն տեղեկատվական տիրույթի ձևավորմանը նպաստելու հնարավորություն են ընձեռում:
«Հայկական աշխարհը» համացանցի գիտական հարթակում» խորագիրը կրող երեք թեմատիկ նիստերի ընթացքում զեկուցողներն անդրադարձան համացանցում հայագիտական ոլորտի հիմնախնդիրներին ու զարգացումներին, հայալեզու հեռավար ուսուցմանը, հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծմանն ու մատչելիությանը, համացանցում տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրներին և այլն
«Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովին «Հայալեզու հեռավար կրթությունը՝ կրթության մատչելիության բարձրացման մոդել» թեմայով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը, իսկ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ASNET-AM ցանցի սպասարկման խմբի ղեկավար Նարինե Մանուկյանը ներկայացրեց «Հայկական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց. զարգացումը և հեռանկարները» թեմայով զեկուցում: