Գլխավոր էջ





«ԱՐՄԴՈԿՏ» Եվրոմիության Էրազմուս+ ծրագրի աշխատանքային խմբերը շարունակում են աշխատանքները՝ ըստ սահմանված ժամանակացույցի

Նոյեմբերի 13, 2020

Սույն թվականի հոկտեմբերի 19-21-ը տեղի ունեցան ԱՐՄԴՈԿՏ ծրագրի աշխատանքային 2-րդ խմբի առցանց հանդիպումները։

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ծրագրի մասնակից բուհերից մեկն է։ Ընդհանուր առմամբ Ծրագրում ընդգրկված են հայաստանյան 9 բուհ, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և ՀՀ ԿԳՆ-ն։

Աշխատանքային այս խմբերի հանդիպումների նպատակն էր ՝ ընտրել և նշանակել համակարգողներ Ծրագրի աշխատանքային 2-րդ փաթեթի (WP2) յուրաքանչյուր խմբի համար, պլանավորել WP2 աշխատանքային խմբի գործողությունները, սահմանել վերջնաժամկետներ:

WP2 աշխատանքային խմբի համակարգող, Բրյուսովի պետական համալսարանի միջազգային կապերի բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակն ու քննարկման հիմնական կետերը:

Նշվեց, որ WP2- ի շրջանակներում ստեղծվել է 5 աշխատանքային խումբ, որից մեկը խնդրո առարկա դոկտորական կրթության քաղաքականության և կանոնադրական դաշտի մշակմամբ զբաղվող խումբն է լինելու։

Ըստ պայմանավորվածության՝ աշխատանքային խմբերը պետք է մշակեն հայեցակարգ և իրավական -կանոնադրական դաշտ՝ դոկտորանտուրայի քաղաքականության, ընդունելության և կազմակերպման, գիտական աստիճաններ շնորհելու և այլնի վերաբերյալ: Յուրաքանչյուր թիրախային խմբի համար նշանակվել են համակարգողներ` նպատակային խմբի սահուն աշխատանքային ընթացքն ապահովելու համար: Աշխատանքային խմբերի համակարգող բուհերի և ինստիտուտների ցանկը ներկայացնում ենք ստորև․

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն / ԿԳՄՍՆ/․ 1-ին աշխատանքային խումբ (դոկտորական կրթության պետական քաղաքականություն)
  • Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ․) 2-րդ աշխատանքային խումբ (դոկտորանտուրայի ընդունելություն)
  • Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ)․ 3-րդն աշխատանքային խումբ (դոկտորական ծրագրերի կազմակերպում)
  • Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ)․ 4-րդ աշխատանքային խումբ (դոկտորական ծրագրերի աստիճանաշնորհում)
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)․ 5-րդ աշխատանքային խումբ (գիտության և տնտեսության միջև կապի ապահովում):


Աշխատանքային խմբի անդամները որոշեցին հետագայում ըստ անհրաժեշտության ունենալ խմբային հանդիպումներ և քննարկումներ իրականացվելիք գործողությունների վերաբերյալ:

Հանդիպման ժամանակ նշվեց նաև, որ մշակվել է ձևանմուշը, համաձայն որի պետք է ներկայացվի WP2- ի վերջնական արդյունքը։

Յուրաքանչյուր աշխատանքային խմբի համար WP2 վերջնարդյունքի նախնական նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2020 թ. նոյեմբերի 2-ը, վերջնական նախագծինը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին: