Գլխավոր էջ





Հերթական քննարկում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Նոյեմբերի 25, 2016

Ս.թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի նիստը վարչական անձնակազմի և ամբիոնի դասախոսական կազմի մասնակցությամբ: Օրակարգում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ «Գործարար վարչարարություն» մասնագիտացմամբ հեռավար մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանի հերթական քննարկումն էր։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց հեռավար դասընթացների համար սահմանված տեխնիկական նվազագույն չափորոշիչները, ՏՏ բաժնի պետ Արմեն Սարգսյանը ներկայացրեց հեռավար դասընթացներին վերաբերող տեխնիկական պայմաններն ու պահանջները:
Պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերը համատեղ քննարկեցին ՀՀ ՊԿԱ և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսպլանները և կազմեցին «Գործարար վարչարարություն» մասնագիտացմամբ հեռավար մագիստրոսական կրթության ուսումնական պլանի նախագիծը, որը կներկայացվի  ՀՀ կառավարման պետական ակադեմիայի հետագա հաստատման համար:

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի հիմնական նպատակն է կրթության մատչելիության բարձրացումը՝  կազմակերպելով «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումը  հեռավար կրթության ձևաչափով երկու գործընկեր ուսումնական հաստատությունների՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ծրագրի գործընկերն է նաև ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: