Մեկնարկել են վերապատրաստումները հեռավար կրթության ոլորտում
Ապրիլի 3, 2017
Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մեկնարկել են պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստումը հեռավար դասընթացների կառուցման ուղղությամբ: Չորս ամիսների ընթացքում դասախոսները կվերապատրաստվեն հեռավար կրթության տեխնոլոգիաների, հեռավար կրթության մանկավարժության, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկությունների և առցանց հաղորդակցման կանոնների ոլորտում:
Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ֆինանսավորմամբ իրականացվող Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ դրամաշնորհային ծրագրի մասնակիցները ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն են: Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում հեռավար ուսուցման ազգային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը նպաստելն է:
Ծրագրի շրջանակում մշակվել են հեռավար կրթության իրականացումը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, պատրաստվել է Գործարար վարչարարություն մագիստրոսական կրթական ծրագրի հեռավար ուսուցման ուսումնական պլանը, որը կգործարկի 2017-2018 ուսումնական տարում: